«Ինչո՞ւ է այդքան թանկ Հայաստան թռչելը». իսրայելցի բլոգեր Լապշինը զարմացած է ՀՀ հյուրանոցների ու ավիատոմսերի գներից - RadioVan.fm

Онлайн

«Ինչո՞ւ է այդքան թանկ Հայաստան թռչելը». իսրայելցի բլոգեր Լապշինը զարմացած է ՀՀ հյուրանոցների ու ավիատոմսերի գներից

2018-04-04 22:07 , Общество, 1600

«Ինչո՞ւ է այդքան թանկ Հայաստան թռչելը». իսրայելցի բլոգեր Լապշինը զարմացած է ՀՀ հյուրանոցների ու ավիատոմսերի գներից

Արցախ այցելելու համար 7 ամիս ադրբեջանական բանտում անցկացրած, այնուհետ Ալիևի կողմից մերում ստացած իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը հայաստանյան ավիատոմսերի և հյուրանոցների գները անտրամաբանական է համարում: «Մեկ շաբաթից Իսրայելից Երևան եմ մեկնելու (բլոգերը ապրիլի 20-22-ը Երևանում մասնակցելու է «In Tour Expo 2018» զբոսաշրջային միջազգային ցուցահանդեսին-խմբ.): Մեկ ուղղությամբ ավիատոմսի նվազագույն գինը 180 եվրո է, մինչդեռ Թբիլիսի՝ 86 եվրո է»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է բլոգերը՝ իր հայ ընկերներին ուղղելով հետևյալ հարցը՝ «Ասացեք՝ ինչո՞ւ է այդքան թանկ Հայաստան թռչելը»:

«Ապրիլի վերջի համար օրերս տոմս էի փնտրում Երևանից Փարիզ, բոլոր տոմսերի գները միայն մեկ ուղղությամբ սկսվում են 250 եվրոյից, և դա դեռ էժան է... Իսկ միջինը, մի ուղղությամբ, 350 եվրոյից սկսած: Նայեցի թռիչքները Քութայիսից Փարիզ՝ մեկ ուղղությունն ընդամենը 50 եվրո է»,-տարակուսում է Լապշինը՝ որպես ՀՀ-ում զբոսաշրջության զարգացմանը խանգարող երկրորդ խնդիր մատնանշելով հյուրանոցների գները:

«Ասացեք ինձ, խնդրեմ, ինչո՞ւ է գրեթե անհնար Երևանում օրական 50 եվրոյից ցածր գնով հյուրանոց գտնել: Ես խոսում եմ միջին՝ 3-աստղանի հյուրանոցի մասին, առանց ճոխության, բայց որ՝ մաքուր լինի»,-հարց է ուղղում բլոգերը՝ հավելելով, որ Լոնդոնում 50 եվրոյով ապրում էր մոտավորապես քաղաքի կենտրոնում:

Լապշինը, միաժամանակ, նշում է, որ Իսրայելում ապրող համեստ թոշակառու իր մայրը կարողանում է 500 եվրո բյուջեով մեկշաբաթյա հանգիստ անցկացնել Փարիզում, Հռոմում, Լոնդոնում և այլուր՝ ներառյալ հյուրանոցն ու տոմսերը, բայց Հայաստանում չի կարող:

«Նրա համար Հայաստան այցելությունը չափազանց թանկ է: Իմ մայրը տիպիկ օրինակ է, թե ինչպես օտարերկրացի զբոսաշրջիկները, Հայաստանի հանդեպ համակրանք ունենալով հանդերձ, ստիպված են հանգստի համար այլ երկրներ ընտրել»,-գրում է նա:

Բլոգերի համար անհասկանալի է, թե ինչու Հայաստանն իր հսկայական զբոսաշրջային ներուժով չի փորձում միլիոնավոր զբոսաշրջիկների ընդունել և միլիարդավոր դոլարներ վաստակել, որոնք այդքան անհրաժեշտ են տնտեսությանը:


Հիշեցնենք, Ռուսաստանի, Իսրայելի և Ուկրաինայի քաղաքացիություն ունեցող 40-ամյա բլոգերին, ով հայտնի է զբոսաշրջային այցերով և դրանց մասին իր գրառումներով, ադրբեջանական իշխանությունների պահանջով ձերբակալեցին 2016թ. դեկտեմբերի 15-ին, Բելառուսի մայրաքաղաք Մինսկում, ապա հանձնեցին Բաքվին: Պատճառն այն է, որ Արցախ այցելելուց հետո նրան արգելված էր այցելել Ադրբեջան, իսկ Լապշինը կարողացել էր մուտք գործել այդ երկիր Ուկրաինայի անձնագրով: 2017-ի հուլիսի 20-ին ադրբեջանական դատարանի որոշմամբ նա դատապարտվեց երեք տարվա ազատազրկման՝ մեղադրվելով Ադրբեջանի պետական սահմանը ապօրինաբար հատելու մեջ: Նույն թվականի սեպտեմբերի 11-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ստորագրած կարգադրությամբ բլոգերին ներում շնորհվեց:

Лента

Рекомендуем посмотреть