Ռուս-թուրքական «Վիզամետրիկ» ընկերությունը Հայաստանում վիզաներ չի տրամադրի - RadioVan.fm

Онлайн

Ռուս-թուրքական «Վիզամետրիկ» ընկերությունը Հայաստանում վիզաներ չի տրամադրի

2018-04-05 13:51 , Политика, 2374

Ռուս-թուրքական «Վիզամետրիկ» ընկերությունը Հայաստանում վիզաներ չի տրամադրի

Շենգենյան վիզան հայերին կրկին կտրամադրի ՀՀ-ում Գերմանիայի դեսպանությունը: Դեսպանատնից հայտնում են, որ շենգենյան վիզայի համար դիմումների ընդունումը տեխնիկական պատճառներից ելնելով չի կարող իրականացվել «ՎիզաՄետրիկ» ընկերության կողմից:

Ինչպես հայտնի է ռուս-թուրքական «ՎիզաՄետրիկ» կոնսորցիումը ապրիլի 3-ից ընդունելու էր հայերի՝ Գերմանիայի, Բելգիայի, Նիդեռլանդների, Լյուքսեմբուրգի, Ավստրիայի եւ Շվեդիայի համար ներկայացված Շենգենյան վիզայի դիմումները:

«Դիմումների ընդունումը շարունակում է իրականացնել դեսպանության վիզաների բաժինը։ «ՎիզաՄետրիկ» ընկերությունում արդեն իսկ ամրագրված պայմանավորվածությունները ուժի մեջ են համարվում։

Դեսպանությունը մոտ ժամանակներս կրկին պայմանավորվածությունների ամրագրման հնարավորություն կընձեռի սեփական առցանց հերթագրման համակարգում։ Խնդրում ենք ժամանակ առ ժամանակ ստուգել պայմանավորվածությունների ամրագրման հնարավորության առկայությունը հետևյալ հղումով»,-տեղեկացնում են ՀՀ-ում Գերմանիայի դեսպանատնից:

Նշենք, որ, որքան էլ Հայաստանում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերը «Մեդիամաքս» գործակալությանը տված հարցազրույցում վստահեցրել է, որ անձնական տվյալների անվտանգությանը վերաբերող մտավախություններն անտեղին են, դրանք արտաքին օգտագործողների չեն հասնի, այդուհանդերձ, Հայաստանում այդ փաստով խորը անհանգստություններ կան, առ այն, որ ՀՀ քաղաքացիների անձնական տվյալները կարող են փոխանցվել Թուրքիա:

Հաշվի առնելով հարցի շուրջ հանրային մեծ հետաքրքրությունն ու ՀՀ քաղաքացիների անձնական տվյալները Թուրքիա փոխանցվելու մտավախությունը՝ Հայաստանի արդարադատության նախարարությունն ուղեփակել է «ՎիզաՄետրիկ»-ի կողմից ՀՀ քաղաքացիների անձնական տվյալների մշակումը։ Նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը սկսել է ստուգման գործընթաց, պարզելու, թե որքանով է ընկերության կողմից անձնական տվյալների մշակումը համապատասխանում ՀՀ օրենսդրությանը:

Лента

Рекомендуем посмотреть