ՀՀ 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանը 1300 հյուրի առջև երդվել է - RadioVan.fm

Онлайн

ՀՀ 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանը 1300 հյուրի առջև երդվել է

2018-04-09 14:44 , Политика, 1389

ՀՀ 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանը 1300 հյուրի առջև երդվել է

Այսօր 12:00-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում գումարված Ազգային ժողովի հատուկ նիստում ՀՀ նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանը երդմամբ ստանձնել է ՀՀ նախագահի լիազորությունները:

«Ստանձնելով Հանրապետության նախագահի պաշտոնը՝ երդվում եմ. հավատարիմ լինել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, և իմ լիազորություններն իրականացնելիս լինել անաչառ, առաջնորդվել միայն համապետական ու համազգային շահերով և իմ ողջ ուժը ներդնել ազգային միասնության ամրապնդման գործում: Աստված ինձ օգնական»,-ձեռքը դնելով ՀՀ Սահմանադրության մայր օրինակի և Վեհամոր Ավետարանի վրա՝ 1300 հյուրի առջև (ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներ, Սփյուռքի հասարակական ու քաղաքական գործիչներ, բարձրաստիճան հոգևորականներ, պաշտոնատար անձինք, առաջատար լրատվամիջոցների ղեկավարներ) երդվել է Արմեն Սարգսյանը:

Նախագահի երդմնակալությունից հետո, նշենք, Հայաստանի Հանրապետությունն ամբողջովին անցում կատարեց Խորհրդարանական Հանրապետության: Հայաստանի կառավարությունը հրաժարական կներկայացնի։ Մինչև ապրիլի 17-ը ԱԺ-ում կառաջադրվեն վարչապետի թեկնածուներ, իսկ ապրիլի 17-ին տեղի կունենա վարչապետի ընտրությունը, ինչից հետո հնգօրյա ժամկետում հանրապետության նախագահին կներկայացվեն կառավարության անդամների թեկնածուները, իսկ 15-օրյա ժամկետում պետք է կառավարության անդամների 2/3-ը նշանակված լինեն։

Այսօր, առավոտյան, նախագահի պաշտոնը ստանձնելու հանդիսավոր արարողությունից առաջ, նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ հետ հյուրընկալվել է Հանրապետության նախագահի նստավայրում: Արմեն Սարգսյանին և տիկին Նունե Սարգսյանին դիմավորել են նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանը:

«Պարո՛ն Սարգսյան, Ձեզ հետ առիթներ ունեցել ենք խոսելու մեր երկրի զարգացման հրամայականների մասին: Վստահ եմ, որ մենք որոշ ժամանակ հետո կարողանալու ենք արձանագրել հաջողություններ. ուղղակի դատապարտված ենք հաջողություն ունենալու: Իհարկե, վստահ եմ, որ տիկին Նունեն կօգնի Ձեզ, որովհետև դա պարզապես անհրաժեշտություն է»,-ասել է նախագահ Սերժ Սարգսյանը` Արմեն Սարգսյանին մաղթելովհաջողություններ:

«Պարո՛ն նախագահ, ես նույնպես համաձայն եմ, որ ուրիշ ճանապարհ չունենք հաջողությունից բացի: Եվ կարծում եմ այդ հաջողությունների գրավականը ոչ միայն նախորդ շուրջ 30 տարիներն են, այլ հատկապես վերջին տասը տարին: Իհարկե, ակնկալում եմ Ձեզ հետ միասին շատ սերտ աշխատել երկար տարիներ: Վստահ եմ, որ Նունեն ինձ կօգնի՝ ոչ միայն, որ իմ 50 տարվա ընկերն է, 40 տարվա կինս, այլ նաև ունի փայլուն օրինակ՝ տիկին Ռիտայի օրինակը, թե ինչպես պետք է նախագահին աջակից լինել, օգնել և ոչ միայն աջակցել, նաև լինել ինչ-որ տեղ առաջնորդ որոշակի ուղղության մեջ: Այնպես որ, կարծում եմ անելիք շատ կա: Ես պատրաստ եմ աշխատելու»,-ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ ասել է նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանը՝ Սերժ Սարգսյանին և տիկին Ռիտա Սարգսյանին շնորհակալություն հայտնելով հյուրընկալության համար:

Лента

Рекомендуем посмотреть