«Տիտանիկ» ֆիլմի ռեժիսոր Ջեյմս Քեմերոնը National Geographic հեռուստաալիքի հետ համատեղ «Տիտանիկ» ֆիլմի մասին վավերագրական ֆիլմ կնկարահանի:
Նման նախաձեռնությամբ Քեմերոնը մտադիր է ստուգել փաստական սխալների առկայությունը ֆիլմում: «Պետք է ֆիլմի նկարահանումների ժամանակ մոտ մնայի իրականությանը՝ հարգելով աղետի զոհերի հիշատակը: Սակայն արդյո՞ք բավական ճշգրիտ եմ եղել: National Geographic-ի, վերջին հետազոտությունների և նոր տեխնոլոգիաների օգնությամբ մենք կստուգենք դա», - ասել է Քեմերոնը:
«Տիտանիկ. 20-ամյակը» ֆիլմի պրեմիերան կկայանա 2017-ի դեկտեմբերին:
1997 թվականին էկրան բարձրացած ֆիլմը, նշենք, մինչ օրս մի շարք հարցադրումներ է առաջացնում: Ջեյմս Քեմերոնի կողմից նկարահանված ֆիլմում նկարագրվում է լեգենդար Տիտանիկ շոգենավի կործանումը։ Գլխավոր դերակատարներն են Քեյթ Ուինսլեթը և Լեոնարդո ԴիԿապրիոն։ Ֆիլմի հերոսները, լինելով սոցիալական տարբեր շերտերից, սիրահարվում են միմյանց նավի վրա, որը կատարում էր իր առաջին և վերջին ճանապարհորդությունը 1912 թվականին Ատլանտյան օվկիանոսով: Բախվելով սառցալեռին՝ նավը խորտակվում է, որի հետևանքով զոհվում է 1496 մարդ: 712 մարդու կյանք հաջողվում է փրկել, այդ թվում՝ ֆիլմի գլխավոր հերոսուհու: «Տիտանիկի» կործանումը մարդկային զոհերի թվով ծովային խոշորագույն աղետն էր խաղաղ պայմաններում:
«Տիտանիկ»-ը 11 անգամ արժանացել է Օսկարի տարբեր անվանակարգերում: Այն նաև մրցանակներ է նվաճել «Ոսկե գլոբուս»-ում և «Գրեմմի»-ում: