Խոսրովում ֆոտոթակարդներն 1-ին անգամ արձանագրել են վտանգված կենդանատեսակ համարվող կովկասյան ընձառյուծ - RadioVan.fm

Онлайн

Խոսրովում ֆոտոթակարդներն 1-ին անգամ արձանագրել են վտանգված կենդանատեսակ համարվող կովկասյան ընձառյուծ

2018-04-11 15:31 , Общество, 2526

Խոսրովում ֆոտոթակարդներն 1-ին անգամ արձանագրել են վտանգված կենդանատեսակ համարվող  կովկասյան ընձառյուծ

«Խոսրովի անտառ» պետական արգելոցում Բնության համաշխարհային հիմնադրամի /WWF-ի/ ֆոտոթակարդներն առաջին անգամ արգելոցի պատմության մեջ նկարահանել են կովկասյան ընձառյուծ։ Նկարահանված ընձառյուծը երիտասարդ արու է, որը նախկինում չի արձանագրվել որևէ ֆոտոթակարդի կողմից։

ՀՀ Կարմիր գրքում և Բնության պահպանության միջազգային Կարմիր ցուցակում կենդանատեսակը գրանցված է «կրիտիկական» կարգավիճակով:

«Ֆոտոթակարդների արձանագրած նյութերը ցույց են տալիս, որ անցյալ տարվա հրդեհից հետո («Խոսրովի անտառ»պետական արգելոցում հրդեհը բռնկվել է 2017-ի օգոստոսի 12-ին, ամբողջությամբ հաջողվել է մարել միայն 5 օր անց: Այրվել է 16 կմ պարագծով բուսածածկ տարածք, որից 360 հեկտարը՝ անտառներ-խմբ.) բնությունը վերականգնվում է, և բարեբախտաբար հրդեհի հետևանքները կործանարար չեն եղել մեր կենդանական աշխարհի համար,- անդրադառնալով արձանագրված փաստին՝ ասել է ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը՝ նկատելով,-եթե ընձառյուծը վերադարձել է արգելոց, դա նշանակում է, որնա ունի բավարար քանակությամբ որս։ Սա իսկական ձեռքբերում է, ինչը հնարավոր է եղել ՀՀ բնապահպանության նախարարության, «Խոսրովի անտառ»պետական արգելոցի, մեր գործընկերներ Բնության համաշխարհային հիմնադրամի և Կովկասի բնության հիմնադրամի (CNF) համատեղ ջանքերի շնորհիվ»:

2002-ից ՀՀ բնապահպանական գերատեսչությունը և Բնության համաշխարհայինհիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը իրականացնում են Կովկասյան ընձառյուծի պահպանության ծրագիրը, որի նպատակն է անհետացման եզրին գտնվող ընձառյուծի, ինչպես նաև նրա համար որս հանդիսացող տեսակների՝ բեզոարյան այծի, հայկական մուֆլոնի և այլ տեսակների պոպուլյացիաների ավելացումը, այդ կենդանատեսակների ապրելավայրերի պահպանությունը: Ներկայում Հայաստանում հաշվառվում է 7-9 ընձառյուծ, որոնց ապրելավայրերն են Արարատի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերը:

Лента

Рекомендуем посмотреть