Փաշինյանն ու աջակիցները քայլերթ են իրականացնում Երևանի կենտրոնական փողոցներով - RadioVan.fm

Онлайн

Փաշինյանն ու աջակիցները քայլերթ են իրականացնում Երևանի կենտրոնական փողոցներով

2018-04-18 13:54 , Общество, 1616

Փաշինյանն ու աջակիցները քայլերթ են իրականացնում Երևանի կենտրոնական փողոցներով

Այսօր առավոտյան ժամը 10:00-ին, ինչպես և հայտարարվել էր երեկ երեկոյան Հանրապետության հրապարակում, Նիկոլ Փաշինյանն ու իր համախոհները հավաքվել են Ֆրանսիայի հրապարակում՝ այնտեղից շարժվելով դեպի Բաղրամյան փողոց:

Առավոտյան ոստիկանությունը բացել էր Բաղրամյան պողոտան և Ֆրանսիայի հրապարակը, Բաղրամյան պողոտայից հավաքել են փշալարերը, հատուկ միջոցները, զրահատեխնիկան: Փակ է միայն նախագահական նստավայրին և մետրոպոլիտենի «Բաղրամյան» կայարանին hարակից ճանապարհը, այն հսկվում է իրավապահների կողմից և ուղեփակոցներ են դրված:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այսօր ևս իրենք շարունակելու են շրջափակել կառավարական շենքեր, քննարկման փուլում են հեղափոխական կոմիտեի ստեղծման աշխատանքները:

«Խնդրում եմ փողոցները շրջափակելիս ոչ մի առարկա չենք օգտագործում՝ ոչ նստարան, ոչ աղբարկղ: Մենք հիմա այնքան շատ ենք, որ մենք մեզանով կարող ենք շատ շրջաններ շրջափակել»,-ասաց նա հավաքի մասնակիցներին:

Ոստիկանության հետ բանակցություններից հետո Փաշինյանի գլխավորությամբ քայլերթի մասնակիցները շարժվեցին դեպի Կորյունի փողոց:

«Խուճապային լուրեր մի տարածեք, մի ծխեք, ծխախոտը գետնին մի գցեք, դիմակներ մի հագեք, ինձանից առաջ մի ընկեք, ոստիկանության հետ մենք կոնֆլիկտի մեջ չենք մտնելու, մեր պայքարը Սերժ Սարգսյանի ու Հանրապետականի դեմ է, մենք ոստիկանների հետ կռիվ չունենք»,-երթից առաջ ակցիայի մասնակիցներին հորդորեց նա:

Այնուհետ քայլերթի մասնակիցներն անցան Չարենցի փողոցով, մտան ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, անցան Վարդանանց փողոցով, իսկ հիմա արդեն հասնում են Տիգրան Մեծ պողոտա: Երթի մասնակիցները քաղաքացիներին իրազեկում են այսօր 19:00-ին Հանրապետության հրապարակում կայանալիք հանրահավաքի մասին:

Փաշինյանը կոչ է անում բոլորին «դուրս գալ և տեր կանգնել երկրին ու ազատությանը»:

Лента

Рекомендуем посмотреть