Նորընտիր նախագահ Սարգսյանն անդրադարձել է բողոքի ակցիաներին - RadioVan.fm

Онлайн

Նորընտիր նախագահ Սարգսյանն անդրադարձել է բողոքի ակցիաներին

2018-04-18 16:24 , Политика, 1823

Նորընտիր նախագահ Սարգսյանն անդրադարձել է բողոքի ակցիաներին

«Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու կարծիքը կարեւոր է երկրի համար, սակայն ազատ կամարտահայտության ընթացքում պետք է բացառվի բռնությունը, անօրինական գործողությունները եւ այլոց իրավունքների սահմանափակումը»,-այդ մասին «Արմենպրես»-ին տրված բացառիկ մեկնաբանությունում ասել է Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը՝ անդրադառնալով ընդդեմ Սերժ Սարգսյանի՝ որպես վարչապետի, հետագա պաշտոնավարման դեմ Երևանի կենտրոնում օրեր շարունակ անցկացվող ցույցերին:

«Ըստ Սահմանադրության, Հայաստանի Հանրապետության վարչապետի թեկնածության առաջադրումը խորհրդարանական ուժերի իրավունքն է: Ազգային ժողովի մեծամասնության ներկայացրած թեկնածուին ընդդիմությունը կարող է հակադրվել՝ իր քվեի միջոցով:

Ցանկացած քաղաքական ուժի կամ քաղաքացու իրավունքն է նաեւ Սահմանադրությամբ իրենց վերապահված իրավունքների շրջանակում՝ լինի դա հավաքի, ցույցի եւ այլ խաղաղ միջոցներով, ազատորեն արտահայտելու իրենց կարծիքը, համաձայնությունը կամ անհամաձայնությունը քաղաքական այս կամ այն իրադարձության նկատմամբ:

Ազատ խոսքի եւ կամարտահայտության իրավունքը ժողովրդավարության կարեւորագույն արժեքներից է: Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու կարծիքը կարեւոր է երկրի համար:

Միեւնույն ժամանակ ազատ կամարտահայտության ընթացքում պետք է բացառվի բռնությունը, անօրինական գործողությունները եւ այլոց իրավունքների սահմանափակումը:

Մեր երկրի անվտանգությունը եւ ազգային համերաշխությունը բոլորիս համար պետք է լինեն առաջնային ու անքննելի անհրաժեշտություն:

Եվ, իհարկե, կրկին ուզում եմ ընդգծել, որ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու առողջությունը եւ կյանքը՝ ուսանողից, ցուցարարից մինչեւ ոստիկան, թանկ է բոլորիս համար»,-ասել է նորընտիր նախագահը:

Лента

Рекомендуем посмотреть