Սերժ Սարգսյանը հրաժարվել է կառավարության որոշմամբ իրեն հատկացված առանձնատնից - RadioVan.fm

Онлайн

Սերժ Սարգսյանը հրաժարվել է կառավարության որոշմամբ իրեն հատկացված առանձնատնից

2018-04-19 19:03 , Политика, 1367

Սերժ Սարգսյանը հրաժարվել է կառավարության որոշմամբ իրեն հատկացված առանձնատնից

Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարվել է կառավարության որոշմամբ իրեն հատկացված առանձնատան սեփականության իրավունքից:

Իր՝ որպես վարչապետի կառավարության այսօր կայացած անդրանիկ նիստի ժամանակ նա ներկայացրել է հարցի առնչությամբ իր հիմնավորումները:

«Դուք բոլորդ այն կառավարության անդամներն եք, որը շաբաթներ առաջ ընդունեց որոշում՝ Հանրապետության երրորդ նախագահին հատկացնել Կոնդի յոթ առանձնատներից մեկը, որտեղ երբևէ չէին բնակվել ո՛չ առաջին նախագահը, ո՛չ էլ երկրորդ նախագահը:

Իհարկե, ծանոթ եմ այն հիմնավորումներին, փաստարկներին, որոնք հիմք են հանդիսացել այդ որոշումը կայացնելու համար: Դրանք տրամաբանված փաստարկներ են, և ես, որպես վարչապետի թեկնածու, Ազգային ժողովում քննարկումների ժամանակ հնչեցրել եմ այդ փաստարկները՝ պաշտպանել եմ ձեր որոշումը:

Շատ շնորհակալ եմ այդպիսի որոշման համար, բայց այսօր ես եմ կառավարության ղեկավարը և ես եմ նստած նիստը անցկացնողի աթոռին: Սա այլ իրավիճակ է: Ուստի ես որոշում եմ կայացրել հրաժարվել այդ տան նկատմամբ սեփականության իրավունքից հենց առաջին նիստի ժամանակ, որը ես կանցկացնեմ, այսինքն՝ այսօր: Պարո՛ն Գևորգյան, խնդրում եմ հանձնարարել համապատասխան մարդկանց, որպեսզի որոշման նախագիծ պատրաստեն՝ հաջորդ նիստի ժամանակ ընդունելու համար:

Հիմա Հանրապետության երրորդ նախագահի բնակարանային խնդիրը լուծելու պահը չէ. կարելի է այդ խնդրին անդրադառնալ հետագայում, երբ այս աթոռին նստած կլինի մեկ այլ վարչապետ: Ես հուսով եմ, որ դուք ըմբռնումով եք մոտենում իմ որոշմանը: Մեկ անգամ ևս ուզում եմ ձեզ շնորհակալություն հայտնել այդպիսի որոշում ընդունելու համար»,-կառավարության լրատվական ծառայության փոխանցմամբ, նախքան օրակարգի հարցերի քննարկմանն անցնելը՝ ասել է վարչապետ Սերժ Սարգսյանը՝ դիմելով ներկաներին:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ մարտի 29-ին կայացված որոշմամբ կառավարությունը որոշել էր Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի ենթակայության «Կոնդի առանձնատների տնտեսություն» պետական ոչ առևտրային կազմակերպության հաշվեկշռում ամրացված՝ 6-րդ մասնաշենքի մեջ մտնող շենքը և շինությունները՝ սպասարկման տարածքով՝ (1.5365 հա) հետ վերցնել և սեփականության իրավունքով անհատույց տրամադրել Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանին՝ որպես բնակարան:

Կառավարության այդ որոշումը մեծ աղմուկ էր բարձրացրել հասարակության շրջանում։ Խորհրդարանում վարչապետի ընտրության հարցի քննարկման ժամանակ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանի հարցին, թե ինչու է այդ առանձնատունը տրամադրվել Սերժ Սարգսյանին, նա պատասխանել էր. «Այդ իրավունքից օգտվել են նախորդ երկու նախագահները: Ես էլ եմ օգտվել: Եթե օրենքով չի հասնում՝ կարող եմ հետ վերադարձնել: Բայց եթե հասնում է, կարող եք շնորհավորել, որովհետև, բոլոր դեպքերում, ես էլ ունեցա սեփական տուն Երևանում»։

Лента

Рекомендуем посмотреть