Ցույցերի պատճառով որոշ զբոսաշրջիկներ հրաժարվել են գալ Հայաստան. նախարար - RadioVan.fm

Онлайн

Ցույցերի պատճառով որոշ զբոսաշրջիկներ հրաժարվել են գալ Հայաստան. նախարար

2018-04-19 20:08 , Политика, 1793

Ցույցերի պատճառով որոշ զբոսաշրջիկներ հրաժարվել են գալ Հայաստան. նախարար

Վերջին օրերին տեղի ունեցող ցույցերն արդեն իսկ բացասական ազդեցություն ունեցել են զբոսաշրջության զարգացման վրա: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը:

«Եթե դուք հետևում եք միջազգային լրատվությանը, երևի տեղյակ եք, որ որոշ երկրներ հայտարարել են ու կոչ են արել, որ իրենց քաղաքացիները չայցելեն Հայաստան, քանի որ անվտանգ չէ: Իսկ մենք մեր բազմաթիվ ջանքերի և երկարատև աշխատանքի շնորհիվ կարողացել էինք հասնել այն ցուցանիշին, որ բազմաթիվ միջազգային կազմակերպությունների կողմից Հայաստանը զբոսաշրջության համար համարվում էր ամենաանվտանգ երկրներից մեկը: Հյուրանոցների և տուրիստական կազմակերպությունների տվյալները վկայում են, որ արդեն իսկ որոշակի կորուստներ եղել են, որոշ զբոսաշրջիկներ հրաժարվել են գալ Հայաստան»,-նշել է Սուրեն Կարայանը՝ չհստակեցնելով, թե, մասնավորապես, որ երկրների մասին է խոսքը:

Նախարար Կարայանի համոզմամբ՝ եթե ցույցերը շարունակվեն, բոլորս կտեսնենք, թե ինչ բացասական ազդեցություն կթողնեն տնտեսության վրա:

«Եթե այն լիներ տրամաբանական և չխանգարեր երկրի բնականոն զարգացմանը, ապա տնտեսության վրա գրեթե չէր ազդի, բայց այն պարագայում, երբ պարալիզացվում է քաղաքային տրանսպորտը, զբոսաշրջիկների տեղաշարժը, իհարկե, դա իր բացասական ազդեցությունը կունենա»,-ընդգծել է նա:

Սուրեն Կարայանի փոխանցմամբ՝ 2017 թ-ին զբոսաշրջությունը մոտ 20 տոկոսով աճել է, ինչը, ըստ նրա, բավականին լուրջ ցուցանիշ է: Նախարարը վստահություն է հայտնել, որ 2018 թ-ի առաջին կիսամյակին ևս ոլորտում աճ կարձանագրվի:

Ի դեպ, այդ ցուցանիշին հղում անելով, նախարար Կարայանը չի կիսել այն կարծիքը, որ զբոսաշրջիկները հրաժարվում են Հայաստան գալ զբոսաշրջային պայմանների ոչ նպաստավոր լինելու պատճառով:

«Համաձայն եմ, որ զբոսաշրջային ենթակառուցվածքներում դեռ բավական անելիքներ կան, սակայն, դրանով հանդերձ, ունենք աճ, իսկ բազմաթիվ երկրներ իրենց զբոսաշրջիկներին խորհուրդ չեն տալիս այցելել Հայաստան հենց այս ցույցերի պատճառով»,-ընդգծել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարը:

Лента

Рекомендуем посмотреть