Արամ Առաջինը Հայաստանում է - RadioVan.fm

Онлайн

Արամ Առաջինը Հայաստանում է

2018-04-20 20:33 , Общество, 1273

Արամ Առաջինը Հայաստանում է

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր՝ ապրիլի 20-ին, հյուրընկալել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսին և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին:

ՀՀ նախագահի աշխատակազմի հրապարակած հաղորդագրության համաձայն, Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը շնորհավորել է Արմեն Սարգսյանին՝ Հանրապետության Նախագահի պաշտոնն ստանձնելու առիթով և նվիրել Բարձր Բերդի Ավետարանի կրկնօրինակը: Մեծի Տանն Կիլիկիո Հայրապետը նաև ասել է, թե՝ «քաջածանոթ լինելով Ձեր անձին և երկար տարիների գործունեությանը` լիահույս ենք, որ լավագույնս պիտի արդարացնեք Ձեր հանդեպ մեր ժողովրդի ունեցած վստահությունը»:

Հանրապետության Նախագահը, Ամենայն Հայոց Հայրապետը և Մեծի Տանն Կիլիկիո Հայրապետը անդրադարձել են վերջին օրերին Հանրապետությունում ստեղծված իրավիճակին: Նրանք նշել են, որ կան կուտակված բազմաթիվ խնդիրներ, որոնք շուտափույթ լուծման կարիք ունեն, և երկիրը պետք է ընթանա իրական բարեփոխումների ճանապարհով հասարակության բոլոր խավերի և առաջին հերթին՝ երիտասարդների ընդգրկմամբ:

Հայոց Հայրապետները ողջունել են Հանրապետության նախագահի երկխոսության հրավերը՝ ընդգծելով, որ սա է ստեղծված վիճակից լավագույն ելք գտնելու, առկա խնդիրները լուծման առաջնորդելու ճիշտ ու ապահով ճանապարհը:

Հիշեցնենք՝ նախորդ տարի սեպտեմբերի 18-ին Երևանում կայացած Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովում, Արամ Առաջինը հանդես էր եկել քննադատական սուր ելույթով՝ ընդգծելով, որ Հայաստանը զբոսավայր չէ, բիզնեսի շուկա չէ, անցագիր չէ: «Վա՜յ մեզ, երբ միայն այսպես մոտենանք Հայաստանին»,-ասել էր նա՝ ընդգծելով, որ Հայաստանի անվտանգությունը համազգային առաջնահերթություն է, և սա առաջին հերթին պահանջում է մեր հայրենի ժողովրդի ամուր կապվածությունը իր հողին:

Лента

Рекомендуем посмотреть