Онлайн

Արցախի փողոցում ոստիկանների գործողությունների հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել 7 քաղաքացի

2018-04-22 16:26 , Общество, 914

Արցախի փողոցում ոստիկանների գործողությունների հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել 7 քաղաքացի

Այսօր, ժամը 14։00-ի դրությամբ Երևանի հիվանդանոցներում բուժվում է հանրահավաքների ընթացքում տուժած 10 քաղաքացի, որից 7-ն ընդունվել է այսօր։

Այդ մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահական գերատեսչությունից՝ նշելով, որ 2-ը բուժում է ստանում «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրում, 3-ը՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ», 2-ը՝ «Իզմիրլյան», 3-ը՝ «Էրեբունի» բժշկական կենտրոններում:

«Ըստ անհրաժեշտության կատարվում են հետազոտություններ: 7-ի առողջական վիճակը բժիշկները գնահատում են բավարար, 3-ինը՝ միջին ծանրության»,-ասված է ՀՀ ԱՆ տարածած հաղորդագրությունում:

Նշենք՝ այսօր առավոտյան՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության «Իմ քայլը» նախաձեռնության երթը դեպի Էրեբունի վարչական շրջան կասեցվեց Արցախի փողոցի վերջնամասում՝ ոստիկանների կողմից կիրառված հատուկ միջոցների ազդեցությամբ: Հավաքի կացմակերպիչներ Ն. Փաշինյանը, Ս. Միքայելյանը և Ա. Միրզոյանը «հարկադրաբար հեռացվեցին հավաքի վայրից» և այժմ ձերբակալված են:

Հիշեցնենք՝ այսօր՝ ապրիլի 22-ին, տեղի ունեցավ Հայաստանի վարչապետ, նախկին նախագահ Սերժ Սարգսյանի և նրա հրաժարականը պահանջող ցուցարարներին առաջնորդող ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հանդիպումը: Րոպեներ տևած բանակցությունները տապալվեցին, որից հետո Փաշինյանն իր կողմնակիցներին կոչ արեց կրկնակի թափով շարունակել քաղաքացիական անհնազանդության գործողությունները՝ հայտարարելով, որ ժամը 19:00-ին Երևանի Հանրապետության հրապարակում կանցկացնեն հերթական հանրահավաքը:


Рекомендуем посмотреть