Ծառուկյանը կուսակիցներին կոչ է արել դուրս գալ փողոց. Սպորտի նախարարի ԲՀԿ-ական պաշտոնակատարը հրաժարական է տվել - RadioVan.fm

Онлайн

Ծառուկյանը կուսակիցներին կոչ է արել դուրս գալ փողոց. Սպորտի նախարարի ԲՀԿ-ական պաշտոնակատարը հրաժարական է տվել

2018-04-25 15:09 , Политика, 1427

Ծառուկյանը կուսակիցներին կոչ է արել դուրս գալ փողոց. Սպորտի նախարարի ԲՀԿ-ական պաշտոնակատարը հրաժարական է տվել

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Հրաչյա Ռոստոմյանը հրաժարական է տվել Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատարի պաշտոնից։

«Գիտակցելով պահի օրհասականությունն ու ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու պատասխանատվությունը Հայաստանի պետականության առջև՝ ես հրաժարական եմ տալիս Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատարի պաշտոնից։

Որպես ԲՀԿ համակիր՝ ես պաշտպանում եմ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի համազգային մոբիլիզացիայի մասին կոչը և անձամբ դուրս եմ գալիս փողոց։ Բոլոր մարզիկներին և մարզաշխարհի ներկայացուցիչներին վստահեցնում եմ՝ այսօր Հայաստանի դրոշը Հանրապետության հրապարակում մեր ժողովրդի գլխավերևում ծածանելու ժամանակն է։

Իմ հանրապետական և դաշնակցական գործընկերներին հորդորում եմ առանց տատամսելու միանալ ժողովրդին և ենթարկվել նրա պահանջներին։ Այս պահին ոչինչ ավելի կարևոր չէ, քան մեր հայրենիքի համար անցնցում և խաղաղ ելք գտնելը։ Իմ խորին համոզմամբ՝ այդ ելքը հրապարակում է, ժողովրդի կողքին»,-իր հրաժարականի հայտարարությունում ասել է Ռոստոմյանը։

Նշենք նաև, որ ԲՀԿ-ն այսօր կոչ արեց իր բոլոր կուսակիցներին «մոբիլիզացվել և դուրս գալ փողոց, լինել ժողովրդի կողքին»։

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (ԲՀԿ)՝ նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, հայտարարել էր, որ միանում է համաժողովրդական ընդվզման ալիքին և կանգնած է ժողովրդի կողքին, կոչ ենք անում մեր բոլոր կուսակիցներին հանրապետության բոլոր մարզերում և մայրաքաղաք Երևանում մոբիլիզացվել և դուրս գալ փողոց, լինել ժողովրդի կողքին: Մենք մշտապես եղել և լինելու ենք մեր ազգի և հայրենակիցների կողքին »,-ասված է ԲՀԿ քաղաքական խորհրդի այսօր ավելի վաղ տարածած հայտարարությունում:

Лента

Рекомендуем посмотреть