Փաշինյանը կոչ է անում մայիսի 1-ին առավոտից «հեղեղել Երևանի փողոցներն ու հրապարակները» - RadioVan.fm

Онлайн

Փաշինյանը կոչ է անում մայիսի 1-ին առավոտից «հեղեղել Երևանի փողոցներն ու հրապարակները»

2018-04-27 13:15 , Общество, 3711

Փաշինյանը կոչ է անում մայիսի 1-ին առավոտից «հեղեղել Երևանի փողոցներն ու հրապարակները»

«Ժողովրդի հաղթանակն այս փուլում պետք է նաև դե յուրե ամրագրվի»,-տեղական և օտարերկրյա ԶԼՄ-ների հետ քիչ առաջ կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «ՀՀԿ-ի անվերապահ կապիտուլյացիայի» գաղափարի շուրջ ձևավորված «Իմ քայլը» շարժման առաջնորդ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ միաժամանակ նշելով, թե «հարցն այն է՝ ցանկանու՞մ է արդյոք ՀՀԿ-ն այս ճգնաժամը լուծել։ Եթե վարչապետի պաշտոնում ընտրվի ՀՀԿ-ական, ապա այդ ճգնաժամը չի լուծվի, մենք կշարունակենք մեր ցույցերը, երթերը, կփորձենք բացատրել ՀՀԿ-ականներին, որ իրենք չեն պատկերացնում Հայաստանում ստեղծված քաղաքական իրավիճակը»։

Փաշինյանը կոչ է արել Հայաստանի քաղաքացիներին մայիսի 1-ին, առավոտյան ժամը 8։00-ից, կրկին դուրս գալ փողոց և «հեղեղել Երևանի փողոցներն ու հրապարակները, այդ թվում՝ Ազգային ժողովին հարակից»։

«Հույս ունեմ, որ ՀՅԴ-ն ու Ծառուկյանն իրենց դիրքորոշումը շուտով կհստակեցնեն ու մինչև մայիսի 1-ը կհայտարարեն՝ ինչպես են պատրասվում քվեարկել»,-նշել է Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե Ազգային ժողովում ի՞նչ իրավիճակ է՝ հաշվի առնելով ՀՅ Դաշնակցության և «Ծառուկյան» դաշինքի որոշումները:

«Խոսքը ոչ թե վարչապետի ընտրության կամ պաշտոնակռվի մասին է, այլ՝ Հայաստանում ստեղծված ճգնաժամը լուծելու»,-ընդգծել է ընդդիմադիր գործիչը:

Հիշեցնենք՝ մայիսի 1-ին վարչապետի ընտրության հարցով ԱԺ-ում հատուկ նիստ է գումարվելու:

Նշենք, որ այսօր երկրորդ անգամ տապալվեցին Փաշինյան-Կարապետյան բանակցությունները. վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյան մերժեց Փաշինյանի առաջարկը՝ հիմնավորմամբ, որ անհեռանկարային է համարում մասնակցել լուծումներ գտնելու «հավանականություն չունեցող բանակցությունների»:

Հեղինակ՝ Լիաննա Մարգարյան

Лента

Рекомендуем посмотреть