Այսօր ՀՀ 16-րդ վարչապետի ընտրությունն է. միակ թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է - RadioVan.fm

Онлайн

Այսօր ՀՀ 16-րդ վարչապետի ընտրությունն է. միակ թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է

2018-05-01 11:49 , Политика, 1619

Այսօր ՀՀ 16-րդ վարչապետի ընտրությունն է. միակ թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է

Մայիսի 1-ը հանրապետությունում թեև ոչ աշխատանքային և տոնական է, այդուհանդերձ, Հայաստանի Ազգային ժողովում այսօր 12:00-ին հատուկ նիստ է գումարվելու, օրակարգում ՀՀ 16-րդ վարչապետի ընտրությունն է: Միակ թեկնածուն ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար, «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ, Նիկոլ Փաշինյանն է:

Ըստ ՀՀ Սահմանադրության 149-րդ հոդվածի՝ Ազգային ժողովը վարչապետին ընտրում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: 105 պատգամավոր ունեցող խորհրդարանի պարագայում վարչապետ ընտրվելու համար բավարար է 53 ձայնը:

Ազգային ժողովի 4 խմբակցություններից 3-ը հայտարարել են, որ պաշտպանելու են Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը, իսկ Հանրապետական մեծամասնությունը հայտարարել է, թե չի խոչընդոտելու այդ ընտրությանը, իսկ թեկնածուի քվեարկության վերաբերյալ որոշում կկայացնի այսօր՝ Փաշինյանի ծրագրին ծանոթանալուց հետո:

Ըստ էության՝ Նիկոլ Փաշինյանն այս պահին ունի երաշխավորված 47 ձայն, նրան հավելյալ 6 ձայն է անհրաժեշտ վարչապետ ընտրվելու համար:

ԱԺ հատուկ նիստին հետևեք ուղիղ հեռարձակմամբ.

Հիշեցնենք՝ հանրապետությունում ապրիլի 13-ից «Իմ քայլը» շարժման ծավալած բողոքի լայնածավալ գործողությունների արդյունքում ապրիլի 23-ինՍերժ Սարգսյանը հրաժարական տվեց վարչապետի պաշտոնից: Սահմանադրության համաձայն՝ վարչապետի լիազորությունները ստանձնեց առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը: Այն բանից հետո, երբ տապալվեց ապրիլի 25-ին «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում նախանշված Փաշինյան-Կարապետյան հանդիպումը, որում պետք է քննարկվեր «իշխանության անցնցում փոխանցման» հարցը, այդ օրը առավոտից «ՀՀԿ, հեռացի´ր» կարգախոսի ներքո հանրապետությունում վերսկսվեցին բողոքի ցույցերը:

Ապրիլի 26-ին ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը մայիսի 1-ին վարչապետի ընտրության անցկացման մասին հայտարարություն տարածեց և, ինչպես բազմիցս հանրահավաքային հարթակից հայատարարել էր համաժողովրդական շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը՝ վարչապետի թեկնածուն առաջադրվեց ժողովրդի ընտրությամբ:

Նիկոլ Փաշինյանի անունը՝ որպես ժողովրդի թեկնածուի, պաշտոնապես հայտարարվեց ապրիլի 25-ի երեկոյան՝ Հանրապետության հրապարակում կայացած հանրահավաքում՝ «Նիկոլ-վարչապետ» վանկարկումների ներքո:

Հեղինակ՝ Լիաննա Մարգարյան

Лента

Рекомендуем посмотреть