«Հանրապետական վերնախավը շարունակում է մուկ ու կատու խաղալ սեփական ժողովրդի հետ». Փաշինյանը քաղաքացիներին հորդորում է դուրս գալ փողոց - RadioVan.fm

Онлайн

«Հանրապետական վերնախավը շարունակում է մուկ ու կատու խաղալ սեփական ժողովրդի հետ». Փաշինյանը քաղաքացիներին հորդորում է դուրս գալ փողոց

2018-05-01 15:59 , Политика, 1945

«Հանրապետական վերնախավը շարունակում է մուկ ու կատու խաղալ սեփական ժողովրդի հետ». Փաշինյանը քաղաքացիներին հորդորում է դուրս գալ փողոց

«Հանրապետական վերնախավը՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, շարունակում է մուկ ու կատու խաղալ սեփական ժողովրդի հետ և մինչ այս պահն էլ չի հայտարարել, թե քվեարկելու է ժողովրդի թեկանածուի օգտին, չնայած հասկանում են, որ դա է ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու, Հայաստանը կայուն զարգացման ռելսերի վրա դնելու միակ ճանապարհը». վարչապետի ընտրության հարցով հատուկ նիստում ԱԺ ամբիոնից հայտարարեց ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար, «Իմ քայլը» շարժման առաջնորդ, ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ շարժումն իր քայլերով ստեղծել է բոլոր հնարավորությունները՝ ՀՀԿ-ի արժանապատիվ հեռանալու համար։

«Բայց նման պահվածքը հակված են ընկալել որպես թուլություն: Երեկ, երեկոյից սկսած, ըստ օդում կախված լուրերի, Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը սկսել են ճնշումներ գործել բոլոր խմբակցությունների պատգամավորների վրա, որպեսզի չքվեարկեն վարչապետի` ժողովրդական թեկնածուի օգտին,-ասաց Փաշինյանը՝ զգուշացնելով,-պարոնա՛յք, դուք չէիք հասկանում և շարունակում եք չհասկանալ Հայաստանում ստեղծված վիճակը և ուզում եմ շատ ուղիղ զգուշացնել, որ համաժողովրդական շարժման հանդուրժողականությունը՝ որպես թուլություն մեկնաբանելու ձեր փորձերը կարող են բերել անկանխատեսելի և անցանկալի հետևանքների: Սթափվեք, քանի դեռ ուշ չէ, որովհետև ձեր այդ պահվածքը կարող է քաղաքական ցունամիի պատճառ դառնալ»:

Համաժողովրդական շարժման ղեկավարն այնուհետ դիմեց ՀՀ քաղաքացիներին.

«Սիրելի հայրենակիցներ, ձեր հաղթանակը կրկին ուզում են գողանալ, մի մնացեք տանը ու դուրս եկեք փողոց, եթե դա դեռևս չեք արել, ուղղություն վերցրեք դեպի Հանրապետության հրապարակ»:

Պատգամավորներին էլ դիմելով՝ Փաշինյանն ընդգծեց.

«ՀՀ քաղաքացիների և ձեր ազատագրման ժամն է: Այստեղ չի լուծվում որեւէ անձնական հարց, այլ հազարամյա տառապանք վերապրած հայ ժողովրդի վերածննդի հարցը։ Ձեզնից ոչ մի զոհողություն չի պահանջվում, հարգելի պատգամավորներ, այլ ընդամենը մի գործողություն՝ կողմ քվեարկել ու քանդել օտարվածության այն պատնեշը, որը, ցավոք, գոյություն ունի ձեր ու ժողովրդի միջև ու արմատախիլ անել հուսահատությունը ՀՀ-ից»:

Նշենք, որ վարչապետի ընտրության հարցով խորհրդարանում այսօր գումարված հատուկ նիստում գրանցվել է 102 պատգամավոր: Ըստ ՀՀ Սահմանադրության 149-րդ հոդվածի՝ Ազգային ժողովը վարչապետին ընտրում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Այսինքն, 105 պատգամավոր ունեցող խորհրդարանի պարագայում վարչապետ ընտրվելու համար բավարար է 53 ձայնը: Ազգային ժողովի 4 խմբակցություններից 3-ը հայտարարել են, որ պաշտպանելու են Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը, իսկ Հանրապետական մեծամասնությունը հայտարարել է, թե չի խոչընդոտելու այդ ընտրությանը, իսկ թեկնածուի քվեարկության վերաբերյալ որոշում կկայացնի այսօր՝ Փաշինյանի ծրագրին ծանոթանալուց հետո: Ըստ էության, Նիկոլ Փաշինյանն այս պահին ունի երաշխավորված 47 ձայն, նրան հավելյալ 6 ձայն է անհրաժեշտ վարչապետ ընտրվելու համար:

Հատուկ նիստը ԱԺ-ում շարունակվում է:

Лента

Рекомендуем посмотреть