Մեր տրամադրվածությունը կադրային ջարդը չէ. Նիկոլ Փաշինյան - RadioVan.fm

Онлайн

Մեր տրամադրվածությունը կադրային ջարդը չէ. Նիկոլ Փաշինյան

2018-04-30 17:35 , Политика, 2004

Մեր տրամադրվածությունը կադրային ջարդը չէ. Նիկոլ Փաշինյան

«Մեր զինված ուժերի կայունությանը, այդ թվում և կադրայի´ն կայունությանը ոչին չի սպառնում, մեր տրամադրվածությունները կադրային ջարդ իրականացնելը չէ»,-այդ մասին ՀՀԿ խմբակցության հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Հանրապետական պատգամավոր Հերմինե Նաղդալյանի այն հարցին, թե տեսնում է արդյոք Փաշինյանը ռազմական վտանգ ԼՂՀ կարգավորման հարցում՝ հաշվի առնելով ադրբեջանական պետական-քաղաքական գործիչների վերջին օրերի հայտարություններն առ այն, որ ՀՀ-ում ռազմաքաղաքական ղեկավարությունը հեռանում է, նրան փոխարինելու է գալիս ժողովրդավարական հայացքներով էլիտան, որի հետ իրենք պատրաստ են համագործակցել:

«Ես կարծում եմ Ադրբեջանում ոչ թե ուրախանալու, այլ անհանգստանալու բան ունեն, որովհետև այս քաղաքական պրոցեսները, ընդհանուր առմամբ, կարծում եմ, էականորեն բարձրացրել են մեր ազգային ոգին, սրանից բխող այդ թվում՝ ռազմաքաղաքական հետևանքներով: Եթե, նույնիսկ, Ադրբեջանում ուրախացել են, ես կարծում եմ նրանք նույնպես իրավիճակը սխալ են գնահատում»,-ասել է Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ իրենք խնդիր ունեն համերաշխության մթնոլորտ հաստատելու, քանի որ, այդ մթնոլորտում է հնարավոր լինում հարցերի արդյունավետ քննարկումը և լուծումների ձեռքբերումը:

«Մեզնից կախված ամենը կանենք այդ մթնոլորտը հաստատելու համար, որպեսզի ժողովուրդը նոր հիասթափությունների առաջ չկանգնի: Մենք գիտակցում ենք, որ դա կլինի շատ ավելի ծանր իրավիճակ, քան այն, որի դեմ մենք պայքարում ենք: Մենք, այո, հանուն մեր պետական, ազգային շահերի կարող ենք լինել սովորականից ավելի համբերատար, քան ուրիշ իրավիճակներում, և, ընդհանրապես, մենք ինքներս մեր մեջ կփորձենք զարգացել և ձեռք բերել նոր հատկանիշներ, որոնց կիառումը կլինի ի նպաստ ՀՀ և ազգային շահերին»,-նշել է վարչապետի թեկնածուն:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է նաև, որ բոլոր դեպքերում անկանոն գործողությունները պետք է բացառվեն, իրողությունների հետ հաշվի նստելով՝ բոլոր ոլորտներում պետք է ոչ թե ցնցումային, այլ՝ կառուցողական փոփոխությունների ճանապարհն ընտրեն:

Հիշեցնենք՝ այսօր առավոտյան Ազգային ժողովի «Ելք» խմբակցության նիստում միաձայն որոշում է կայացվել վարչապետի թեկնածու առաջադրել խմբակցության ղեկավար, «ՀՀԿ անվերապահ կապիտուլյացիայի» պահանջով ձևավորված «Իմ քայլը» շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանին: Ըստ այդմ՝ ՀՀ ԱԺ ընդհանուր բաժին է հանձնվել Նիկոլ Վովայի Փաշինյանի՝ ՀՀ վարչապետի պաշտոնում առաջադրման փաստաթղթերի փաթեթը, որից հետո վարչապետի թեկնածուն հանդիպումներ է ունեցել «Ծառուկյան» դաշինք, «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» և «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցությունների հետ: Վերջինի հետ հանդիպումն ընթացել է լրագրողների ներկայությամբ, այն տևել է շուրջ մեկ ու կես ժամ:


Հեղինակ՝ Լիանա Մարգարյան

Лента

Рекомендуем посмотреть