«Չե՞նք ապրի մի երկրում, որտեղ ձու գողացողն անազատության մեջ է, ձի գողացողը՝ հարստության». «Հաղթած ժողովուրդը չի հանդուրժի» - RadioVan.fm

Онлайн

«Չե՞նք ապրի մի երկրում, որտեղ ձու գողացողն անազատության մեջ է, ձի գողացողը՝ հարստության». «Հաղթած ժողովուրդը չի հանդուրժի»

2018-05-01 18:20 , Политика, 1635

«Չե՞նք ապրի մի երկրում, որտեղ ձու գողացողն անազատության մեջ է, ձի գողացողը՝ հարստության». «Հաղթած ժողովուրդը չի հանդուրժի»

«Այն, որ ժողովուրդը Ձեզ հավատում է, անվիճելի է, որովհետև Դուք հիմա այդտեղ եք կանգնած: Արդյոք մենք կարո՞ղ ենք հույս ունենալ, որ Ձեր ընտրվելու դեպքում մենք այլևս չենք ապրելու այն Հայաստանում, որտեղ մարդը ամենացածր արժեքն է, որտեղ մանր ու միջին բիզնեսը կեղեքվում է, որտեղ հացը վաստակելու համար սահմանից մեկ արկղ մանդարին կրողը ենթարկվում է հալածանքների: Մենք չե՞նք ապրի այդ Հայաստանում»,-վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ հորդորելով խոստումներից բացի երաշխիքներ տալ, որ «չենք դառնա մի երկիր, որտեղ ձու գողացողն անազատության մեջ է, ձի գողացողը՝ հարստության»:

Ի պատասխան՝ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն ասաց, որ քաղաքական պրոցեսների ամենամեծ ու կարևոր պահանջը արդար Հայաստանն է, իսկ «երաշխիքները կստեղծվեն հընթացս»: «Իմ քայլը» շարժման առաջնորդը միաժամանակ նկատեց՝ «Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ կլինի, որ այս փոփոխություններից հետո պարզվի, որ արատավոր երևույթները կամ դրանց մի մասը շարունակեն գոյություն ունենալ: Բա էս ամեն ինչն ինչի՞ համար է: Մենք ունենք ամենակարևոր երաշխիքը, որը հրապարակում կանգնած է: Ես լինեմ, Դուք լինեք, որևէ մեկը կլինի, այս ժողովուրդը չի հանդուրժելու: Հաղթած ժողովուրդն է երաշխիքը»:

Հիշեցնենք՝ ԱԺ-ում ընթանում է ՀՀ վարչապետի ընտրության հարցով հատուկ նիստը: Առաջադրված միակ թեկնածուն «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն է, որի թեկնածությունը սատարելու մասին հայտարարել են ԱԺ երեք խմբակցությունները, որոնք միասին ունեն 47 ձայն: Փաշինյանին ընտրվելու համար անհրաժեշտ է նվազագույնը 53 ձայն: ՀՀԿ-ն հայտարարել է, որ քվեարկելու հարցում իր դիրքորոշումը կհայտնի Փաշինյանի ծրագրին ծանոթանալուց հետո: Քիչ առաջ հայտարաված նիստի ընդմիջմանը՝ Հանրապետական պատգամավորներն անցել են խորհրդակցության:

Հեղինակ՝ Լիաննա Մարգարյան

Лента

Рекомендуем посмотреть