Մարզպետի սպանված խորհրդականը պարբերաբար բռնության է ենթարկել կնոջը. նոր մանրամասներ - RadioVan.fm

Онлайн

Մարզպետի սպանված խորհրդականը պարբերաբար բռնության է ենթարկել կնոջը. նոր մանրամասներ

2017-07-28 20:36 , Общество, 1978

Մարզպետի սպանված խորհրդականը պարբերաբար բռնության է ենթարկել կնոջը. նոր մանրամասներ

Հայաստանի քննչական կոմիտեն նոր մանրամասներ է հաղորդում Արմավիրի մարզպետի խորհրդական 52-ամյա Մանուկ Սիմոնյանի սպանության դրդապատճառների վերաբերյալ: Հիշեցնենք՝ դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում սպանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել են Սիմոնյանի կինը և որդին:

Քննչական կոմիտեն, ահա, հայտնում է, որ նախնական քննությամբ տվյալներ են ձեռք բերվել, որ կինը պարբերաբար բռնության է ենթարկվել ամուսնու կողմից: Հուլիսի 22-ին՝ առավոտյան, կնոջ և ամուսնու միջև կրկին վիճաբանություն է տեղի ունեցել, ինչից հետո ամուսինը քնել է, և կինը փայտ կոտրելու կացնով հարվածել նրան, ով ստացած մարմնական վնասվածքներից մահացել է: Այնուհետև կինը զանգահարել է որդուն և տուն կանչել, ապա՝ ամուսնու դիակը տեղափոխել և թաքցրել են Արմավիրի մարզի Դալարիկ գյուղին մոտակա ձորերում:

Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունում նշվում է նաև, որ 2017 թվականի հուլիսի 23-ին Արմավիրի մարզի բնակչուհուց ոստիկանությունում հաղորդում էր ստացվել առ այն, որ 2017 թվականի հուլիսի 22-ին՝ ժամը 22։00- 23:00-ի սահմաններում, ամուսինը՝ Մանուկ Սիմոնյանը, դուրս է եկել տանից և այլևս չի վերադարձել: Կինը հայտնել էր, որ ամուսնուն տան բակից կանչել է մի տղամարդ, ինչից հետո նա դուրս է եկել տանից՝ առանց ասելու, թե ուր է գնում և այլևս չի վերադարձել:

Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Հիշեցնենք, Արմավիրի մարզպետի խորհրդական Մանուկ Սիմոնյանը հուլիսի 22-ից անհետ կորած էր համարվում: Նրա դին հայտնաբերվեց միայն 4 օր անց՝ Մյասնիկյան-Դալարիկ ճանապարհի մոտ գտնվող «Դալարիկի ձոր» կոչվող տարածքում՝ երկաթներով կապկպված, նեխած վիճակում։

Лента

Рекомендуем посмотреть