Դաշնակցական Աղվան Վարդանյանը չի մասնակցի վարչապետի քվեարկությանը - RadioVan.fm

Онлайн

Դաշնակցական Աղվան Վարդանյանը չի մասնակցի վարչապետի քվեարկությանը

2018-05-01 19:06 , Политика, 3077

Դաշնակցական Աղվան Վարդանյանը չի մասնակցի վարչապետի քվեարկությանը

ԱԺ-ում վարչապետի ընտրության հարցով հրավիրված հատուկ նիստում խորհրդարանի «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը քիչ առաջ իր ելույթի խոսքում հայտարարեց վարչապետի քվեարկությանը չմասնակցելու մասին:

Պատգամավորի գնահատմամբ՝ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի՝ ներքին և արտաքին քաղաքականության վերաբերյալ վերջին օրերին հնչեցրած ելույթները թե՛ հարթակում, թե՛ հարցազրույցներում և, թե՛ խմբակցությունների հետ հանդիպմանը՝ այլևս զուսպ և հավասարակշռված են և նվազագույն կերպով են տարբերվում քաղաքական կոալիցիայի ծրագրային առաջնահերթություններից:

Էական բացառությունն ու անշրջելի իրողությունը, ըստ Աղվան Վարդանյանի, Սերժ Սարգսյանի հրաժարականն է: «Եվ եթե ամեն ինչ նույնն է, գրեթե նույնը, մնում է Փաշինյանի անձը, անձնային հատկանիշները և ժողովրդի ցանկությունը: Այո, անսահման դժվար է հոսանքին հակառակ գնալը, թեև ժողովրդի վստահությունը վայելող այլ գործիչներ էլ ենք տեսել՝ նաև տխուր վերջաբանով: Անձամբ ես բարձր եմ գնահատում Նիկոլի անձնազոհությունն ու վճռականությունը, հավատում եմ նրա ձգտումների ազնվությանը, բայց ես անձերով չեմ առաջնորդվում, կուռքեր չեմ ընդունում, ես վտանգի կանխազգացում ունեմ, այս պայմաններում չեմ կարող վստահ լինել, որ այս ամենը շատ ավելի մեծ խաղի բարդ ու բազմաշերտ սցենարների համակցություն չէ՝ ինձ առայժմ անհայտ ծալքերով, շահերով ու հետևանքներով»-ասաց դաշնակցական պատգամավորը՝ նշելով, որ այդ ամենից ելնելով էլ չի կարող անձնական պատասխանատվություն ստանձնել և կողմ քվեարկել Փաշինյանի թեկնածությանը, հակառակ պարագայում, ընդգծեց, երեսպաշտորեն խախտած կլինի խղճով ու համոզմունքներով քվերակելու իր սահմանադրական իրավունքը:

«Անկեղծ ասած՝ սա ընտրություն էլ չէ. ինձ 2 տարբերակ են թողել՝ քվեարկել կամ Նիկոլին, կամ՝ Փաշինյանին»,-ընդգծեց Աղվան Վարդանյանը՝ վերահաստատելով, որ չի քվերակելու:

«Ես դաշնակցական եմ, կուսակցություն, խմբակցություն եմ ներկայացնում, որ կողմ քվեարկելու որոշում ունի: Ինձ համար այս դժվար երկվությունից դուրս գալու մի ելք կա: Եթե իմ կուսակցությունը պահանջի, պատրաստ եմ վայր դնել մանդատս: Եվ վերջինը՝ իմ փորձառությամբ, հոգևոր-մշակութային իմ կառույցով ես բոլոր կողմերից պահանջում եմ բացառել ցանկացած բռնություն ու բախում: Արյունը ոչ մեկին չի ներվելու:

Բանակցություններով գտնենք լուծումներ, միասին կազմակերպենք արտահերթ՝ վստահելի ընտրություններ, երկիրը դուրս բերենք փակուղուց: Գիտակցե՛ք, սա ես ասում եմ հանրապետականին, անցյալին վերադարձ չի լինելու: Աստված տա՝ հնարավոր ողբերգության իմ կանխատեսումը իրականություն չդառնա»,-իր ելույթը եզրափակեց Աղվան Վարդանյանը:

Հիշեցնենք՝ ապրիլի 29-ին Հ.Յ.Դ Հայաստանի Գերագույն մարմինը հայտարարեց, որ մայիսի 1-ին կայանալիք վարչապետի ընտրություններին Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը պաշտպանելու վերաբերյալ որոշում են կայացրել։

«ՀՅԴ» խմբակցությունը 7 պատգամավոր ունի:


Հեղինակ՝ Լիաննա Մարգարյան

Лента

Рекомендуем посмотреть