Դատապարտյալի սանրվածքը ծաղրելու հետևանքով Գյումրիում երիտասարդների միջև ծագած վեճն ավարտվել է դանակահարությամբ: Ոստիկանությունից հայտնում են, որ հուլիսի 20-ին, ժամը 3.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Կումայրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ «մարմնի տարբեր մասերի բազմաթիվ կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել մոտ 35-45 տարեկան, անձը չպարզված տղամարդ: Ձեռնարկված օպերատիվ միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված քաղաքացին 1983 թ. ծնված «Արթիկ» ՔԿՀ բաց ուղղիչ դատապարտյալ Արտակ Դ.-ն է, որը նշված օր Գյումրի քաղաքի ակումբներից մեկի դիմաց վիճաբանել է 1989 թ. ծնված Պետրոս Ն.-ի հետ՝ վերջին կողմից իր սանրվածքը ծաղրելու պատճառով: Պետրոս Ն.-ն սուր-կտրող-ծակող առարկայով մարմնական վնասվածքներ է հասցրել Արտակ Դ.-ին: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և բացատրական աշխատանքների շնորհիվ նախօրեին նախկինում դատապարտված Պետրոս Ն.-ն ձերբակալվել է: Նախաքննությունը շարունակվում է: