Սերժ Թանկյանի ելույթին ընդառաջ՝ ԱԻՆ-ը տեղեկացնում և հորդորում է - RadioVan.fm

Онлайн

Սերժ Թանկյանի ելույթին ընդառաջ՝ ԱԻՆ-ը տեղեկացնում և հորդորում է

2018-05-07 19:16 , Культура, Шоу бизнес, 3651

Սերժ Թանկյանի ելույթին ընդառաջ՝ ԱԻՆ-ը տեղեկացնում և հորդորում է

Այսօր՝ մայիսի 7-ին, մայրաքաղաք Երևանի Հանրապետության հրապարակում ելույթ է ունենալու աշխարհահռչակ երաժիշտ Սերժ Թանկյանը. հաշվի առնելով այս կապակցությամբ Հանրապետության հրապարակում սպասվող հավաքի ընթացքում մարդկանց զանգվածային կուտակումները՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հորդորում է պահպանել զգուշություն:

Նախարարությունը, մասնավորապես, խորհուրդ է տալիս՝

— մանկահասակ երեխաներին թողնել տանը.

— չվերցնել կտրող-ծակող կամ ապակյա իրեր, ձեռքի պայուսակ և չկապել փողկապ.

— հետն ունենալ խմելու ջրի պաշար՝ ոչ ապակյա (պլաստիկ) շշով.

— մասնակիցներից որևէ մեկի ինքնազգացողությունը վատանալու դեպքում հնարավորինս արագ ազատել հարակից տարածքը՝ ապահովելու համար թթվածնի ազատ հոսքն ու բժիշկների մուտքը՝ օգնություն ցուցաբերելու համար:

Նախարարությունից միաժամանակ տեղեկացնում են, որ Հանրապետության հրապարակում տեղադրվող բեմահարթակի մոտակայքում հերթապահելու է 3 հրշեջ-փրկարարական ավտոմեքենա:

Նշենք, վարչապետի թեկնածու, «Իմ քայլը» շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը երեկ հանդես եկավ հայտարարությամբ, որով տեղեկացրեց, որ հեռախոսազրույց է ունեցել աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանի հետ և, որ Թանկյանը Երևան կժամանի այսօր, ժամը 20։05-ին։

«Ես նրան կդիմավորեմ օդանավակայանում և կուղեկցեմ Հանրապետության հրապարակ։ Կարծում եմ, որ 21։00-ին արդեն կլինենք Հանրապետության հրապարակում, որտեղ Սերժ Թանկյանը և ես կարճ ելույթով հանդես կգանք, հաջորդ օրվա անելիքները նաև կպլանավորենք: Կլինեն մարդիկ, ովքեր կցանկանան նույնպես գալ օդանավակայան, կլինեն մարդիկ, ովքեր Արգավանդ, Փարաքար գյուղերի և ընդհանրապես ճամփեզրին կցանկանան դիմավորել և ողջունել Սերժ Թանկյանին, եկեք պայմանավորվենք, որ մենք այդ արարողությունը միասին շատ մեծ մասշտաբով և բարձր տրամադրությամբ կկազմակերպենք։ Իհարկե ժամերը մի փոքր պայմանական են, հույս ունենք, որ ինքնաթիռը ժամանակին կժամանի, բայց հասկանում ենք, որ կարող են փոքրիկ հետաձգումներ լինել»,- ֆեյսբուքյան իր էջում հրապարակված տեսաուղերձում նշեց Նիկոլ Փաշինյանը։

Հիշեցնենք, ավելի վաղ՝ ապրիլի 17-ին, ընդդեմ Սերժ Սարգսյանի և «Հանրապետական» կուսակցության հետագա պաշտոնավարման՝ Հանրապետության հրապարակում կայացած «Իմ քայլը» շարժման բազմամարդ հանրահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանը դիմեց Արսինե Խանջյանին, Սերժ Թանկյանին, Շարլ Ազնավուրին՝ նրանց կանչելով Երևան:

Նշենք նաև, որ աշխարհահռչակ երգիչը ՀՀ-ում ծավալված համաժողովրդական շարժման օրերին պարբերաբար հանդես էր գալիս ուղերձներով՝ ողջունելով ժողովրդական շարժումը և կոչ անելով Սերժ Սարգսյանին հեռանալ: «Սե՛րժ, առանց անարգանքի, բայց դու մեր հայրը չես, և մենք քո զավակները չենք։ Դու ծառայել ես Հայաստանի ժողովրդին և այլևս կենսունակ, հարգված ղեկավար չես․․․»,-ֆեյսբուքյան գրառումներից մեկում նշել էր Թանկյանը։

Ուղերձներից մեկում էլ ամերիկահայ ռոք երաժիշտը խոստացել էր, որ շուտով կլինի Հայաստանում։


Հեղինակ՝ Լիաննա Մարգարյան

Лента

Рекомендуем посмотреть