Պահը բեկումնային է Հայաստանի ապագայի համար. ՀՀ նախագահի ուղերձը՝ վարչապետի ընտրության առնչությամբ - RadioVan.fm

Онлайн

Պահը բեկումնային է Հայաստանի ապագայի համար. ՀՀ նախագահի ուղերձը՝ վարչապետի ընտրության առնչությամբ

2018-05-07 19:55 , Политика, 1625

Պահը բեկումնային է Հայաստանի ապագայի համար. ՀՀ նախագահի ուղերձը՝ վարչապետի ընտրության առնչությամբ

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ուղերձ է հղել կապված վաղը՝ մայիսի 8-ին ՀՀ Ազգային ժողովում կայանալիք վարչապետի ընտրության երկրորդ փուլի հետ:

Նախագահի ուղերձում, մասնավորապես, ասված է.

Սիրելիհայրենակիցներ,

Վաղը Ազգային ժողովում տեղի է ունենալու Հայաստանի վարչապետի ընտրության երկրորդ փուլը:

Պահը բեկումնային է և պատասխանատու Հայաստանի ապագայի համար: Բոլորս՝ առաջին հերթին քաղաքական պատասխանատուները, ինչպես նաև մեր ողջ ժողովուրդը Հայաստանում, Արցախում թե Սփյուռքում, պետք է այս գիտակցումով գնահատենք իրավիճակը և կատարենք մեր քայլերը:

Եթե ուզում ենք այս վիճակից դուրս գալ շահած, իսկ մենք պարտավոր ենք շահած դուրս գալ, խնամքով պետք է հունի մեջ դնենք այն վիթխարի եռանդը, որ մեր հասարակությունը կուտակել է այս օրերին, և պահպանենք այն վարկը, որ Հայաստանը համաժողովրդական շարժման շնորհիվ ձեռք է բերել միջազգային հանրության առջև:

Ակնկալում ենք, որ Ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերը որոշումներ ընդունելիս կդրսևորեն առավելագույն խոհեմություն և հեռատեսություն և կառաջնորդվեն հասարակության բարօրության ու համազգային շահերով:

Համոզված եմ, որ բոլոր հարցերը հնարավոր է լուծել ազգային համաձայնության ոգով:

Մեր ժողովուրդն այս է սպասում իր քաղաքական պատասխանատուներից:

Վստահ եմ, որ հանրօգուտ լուծման շնորհիվ Հայաստանում կստեղծվի հանրային վստահության մթնոլորտ, և մեր քաղաքացիները, համայն հայության հետ միասին, կլծվեն Մայր Հայրենիքի վերաշինման գործին:

Лента

Рекомендуем посмотреть