Եթե քաղաքացին ցանկանում է ճամփորդել և հին նմուշի անձնագրում օտարերկրյա պետությունում վավերականության նշում կատարելու համար չի դիմել, իսկ օրը ոչ աշխատանքային է կամ աշխատանքային ժամն ավարտվել է, երկրից դուրս գալիս սահմանային անցման ցանկացած կետում կարող է դիմել նշված գործողության համար: Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը:
«Ի տարբերություն անձնագրային ծառայություն դիմելու, այս դեպքում բացի յուրաքանչյուր տարվա համար 1.000- ական դրամ պետտուրք վճարելու, գանձվում է նաև միանվագ 10.000 դրամ՝ անկախ վավերականության նշում կատարելու տարիների քանակի»,-հավելում է պաշտոնյան:
ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետը հիշեցնում է նաև, որ երկրից դուրս մեկնող մինչև 35 տարեկան զինապարտ քաղաքացիներն իրենց հետ պետք է ունենան զինգրքույկ կամ զինհաշվառումը հավաստող այլ փաստաթուղթ, իսկ զինծառայությունից տարկետում ունենալու դեպքում` այն հավաստող փաստաթուղթ: