Онлайн

«100 տարվա իրանց փտած պրոբլեմները բերել դեմ են տվել էս մարդուն». քաղաքացիները՝ բողոքավորներին

2018-05-17 17:23 , Общество, 1201

«100 տարվա իրանց փտած պրոբլեմները բերել դեմ են տվել էս մարդուն». քաղաքացիները՝ բողոքավորներին

ՀՀ կառավարության շենքի բակը այսօր կրկին բազմամարդ էր: Սկսած բնակարանային խնդիրներից վերջացրած քրգործերի տրցակներով. սոցիալական և իրավական տարբեր խնդիրներ ունեցող քաղաքացիներն ուզում էին, որ իրենց խնդրի մասին վարչապետն անձամբ լսի և անձամբ ընթացք տա դրանց լուծմանը:

Կառավարության նիստի մեկնարկից րոպեներ առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դուրս եկավ լսելու կառավարության շենքի մուտքի առջև հավաքվածներին: Lսելով մի քանիսին՝ րոպեներ անց էլ վերադարձավ նիստերի դահլիճ. ժամանակն էր սկսել նիստը: Ավարտից հետո գլխավոր մուտքից դուրս եկած Փաշինյանին կրկին «շրջափակեցին»: Քաղաքացիներից յուրաքանչյուրը իր խնդիրներն էր բարձրաձայնում՝ պարբերաբար «վարչապետ» արտահայտությամբ փորձելով հենց իր վրա սևեռել Փաշինյանի ուշադրությունը:

Ստեղծված իրավիճակն այսպիսին էր.

Վարչապետը համբերատար լսելով հեռացավ, սակայն չհամբերեցին բողոքավորներից դժգոհ ներկաները, ովքեր նշում էին, որ իրենք ևս բազում խնդիրներ ունեն, սակայն կարծում են, որ պետք է նորընտիր վարչապետին չխանգարել, ժամանակ ու հնարավորություն տալ հանգիստ աշխատելու: Նրանք հորդորեցին իրենց համաքաղաքացիներին նույն կերպ վարվել:

«Չի կարելի, ժողովուրդ ջան, 20 տարի համբերել եք՝ մի քիչ էլ համբերեք: Չի կարելի ամեն ինչը փաթաթել իրա վրա», «Չի կարելի մարդուն էդքան խեղդել, թողեք, որ գոնե իրա 100 օրը աշխատի», «100 տարվա իրանց փտած պրոբլեմները բերել դեմ են տվել էս մարդուն»,-«Ռադիո Վանի»-ի հետ զրույցում նշեցին վարչապետի շուրջ ստեղծված վիճակով մտահոգ քաղաքացիները:

Մանրամասները՝ տեսանյութում.

մ

Նշենք, որ նիստից հետո վարչապետը Բաղրամյան 26-ում գտնվող իր նստավայրից հանդես եկավ քաղաքացիական անհնազանդության բոլոր ակցիաները ժամը 15:00-ից դադարեցնելու կոչով:

«Երբ մենք փակում էինք փողոցներն ու քաղաքացիական անհնազանդության ակցիաներ իրականացնում, մենք վստահ էինք, որ Հայաստանում չկա իշխանություն, որը վայելում է ժողովրդի վստահությունն ու պատրաստ է լուծում տալ քաղաքացիների խնդիրներին: Բայց այժմ իշխանությունը քաղաքացուն է պատկանում, այժմ իշխանությունը վայելում է ժողովրդի վստահությունը, և մեղմ ասած հասկանալի չէ, թե ինչի համար են փողոցներ փակվում: Եթե քաղաքացիական անհնազանդության ակցիաներ են իրականացվում, ապա ու՞մ դեմ է այդ անհնազանդությունը»,-հայտարարեց Փաշինյանը՝ տարբեր խնդիրների շուրջ բողոքող քաղաքացիներին կոչ անելով այլևս որևէ փողոց չփակել, գրավոր կերպով ձևակերպել հուզող խնդիրներն ու հասցեագրել համապատասխան գերատեսչություններին: Նա կարևորեց բոլոր խնդիրները ըստ առաջնահերթությունների դասակարգելը, որպեսզի հնարավոր լինի համագործակցաբար և հանգիստ պայմաններում լուծում տալ դրանց:

Նշենք, որ այս օրերին բողոքի ակցիաներ են անում «Նաիրիտ»-ի նախկին աշխատակիցները՝ աշխատավարձերը մարելու պահանջով, «Սասնա Ծռեր»-ի խափանման միջոցը փոխել պահանջողները՝ այդ հարցով դատական անարդյունք նիստից հետո երեկ կեսօրից փակելով Արշակունյաց պողոտան, օպտիմալացման կասեցում պահանջող զինկոմի աշխատակիցները, տաքսու վարորդները, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականը պահանջողները: Վերջինի առնչությամբ, նշենք, Փաշինյանն այսօրվա տեսաուղերձում հայտարարեց, որ կառավարությունը կքննարկի հարցը ու պաշտոնական դիրքորոշում կարտահայտի:

Հեղինակ՝ Լիաննա Մարգարյան

Лента

Рекомендуем посмотреть