Պետական եկամուտների կոմիտեն, հիմք ընդունելով ՀՀ վարչապետի՝ հրապարակավ հնչեցրած պահանջը, իրազեկում է հանրությանը, որ կանխիկ գործարքների դեպքում որոշ հարկ վճարողներ զանգվածաբար տրամադրում են հարկային օրենսգրքին չհամապատասխանող կտրոններ, որոնք, սակայն, արտաքնապես քիչ են տարբերվում ՀԴՄ կտրոնից:
«Նմանօրինակ կտրոններով իրականացված կանխիկ գործարքները չեն մասնակցում հարկ վճարողների կողմից իրացման շրջանառությունների ձևավորմանը և հարկերի հաշվարկմանը»,-հայտնում են Պետական եկամուտների կոմիտեից՝ տեղեկացնելով, որ ՀԴՄ կտրոնի հավաստիությունը պարզելու համար առաջնահերթ հարկավոր է ստուգել հետևյալ պարտադիր վավերապայմանները.
-հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)՝ բաղկացած 8 նիշից և անվանումը,
-կտրոնի հերթական համարը (ԿՀ), որը պետք է բաղկացած լինի 8 նիշից,
-ՀԴՄ-ի գրանցման համարը (ԳՀ կամ ՄԳՀ) և ֆիսկալ համարը (Ֆ):
Հիշեցնենք՝ վարչապետի ընտրության հարցով Ազգային ժողովում մայիսի 8-ին գումարված հատուկ նիստում վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն իր ելույթում ի թիվս այլ հարցերի՝ անդրադարձավ նաև ՀԴՄ-ներին: Նա ձեռնարկատերերին կոչ արեց բացառել ՀԴՄ կտրոն չտալու պրակտիկան, քաղաքացիներին էլ հորդորվեց բոլոր տեղերում առանց բացառության հետևողական եւ սկզբունքորեն պահանջել ՀԴՄ կտրոններ:
«Սիրելի՛ հայրենակիցներ, հեղափոխությունն իմաստ չի ունենա, եթե մեր վարքագծում էական փոփոխություններ տեղի չունենան: Բոլոր ձեռնարկատերերին կոչ եմ անում կատարված բոլոր գործարքների համար, ինչպես և պահանջվում է օրենքով, անպայման ՀԴՄ կտրոն տրամադրել և բացառել ՀԴՄ կտրոն չտալու պրակտիկան, իսկ քաղաքացիներին կոչ եմ անում բոլոր խանութներում, սրճարաններում, ՀԴՄ-ով աշխատող բոլոր տեղերում առանց բացառության հետևողական և սկզբունքորեն պահանջել ՀԴՄ կտրոններ: Սա հնարավորություն կտա էականորեն ավելացնել պետական բյուջեի եկամուտները և առավել արդյունավետ իրականացնել պետական կառավարումը: Ի վերջո, համոզված եղեք, որ պետությանը ձեր վճարած գումարները ոչ թե թալանվելու են, այլ ծառայելու են մեր ազգային և պետական շահերի սպասարկմանը, քաղաքացիների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությանը, գործարար միջավայրի բարելավմանը»,-իր ելույթում, մասնավորապես, նշել էր Փաշինյանը:
Հեղինակ՝ Լիաննա Մարգարյան