Онлайн

«Արագած պեռլիտ»-ի աշխատակիցները պահանջում են ամիսներով չվճարված աշխատավարձերը

2018-05-24 18:02 , Общество, 2067

«Արագած պեռլիտ»-ի աշխատակիցները պահանջում են ամիսներով չվճարված աշխատավարձերը

Այսօր «Արագած պեռլիտ» գործարանի շուրջ երեք տասնյակ աշխատակիցներ գործադուլ են հայտարարել՝ տնօրինությունից պահանջելով վճարել իրենց աշխատավարձերը: Մի մասին ղեկավարությունը պարտք է շուրջ 2 ամսվա աշխատավարձ, մի մասն էլ արդեն 5 ամիս է, ինչ որևէ դրամ գումար չի ստացել:

«Խնդիրը խորքային է»,-«Ռադիո Վան»-ի հետ զրույցում ասաց աշխատակիցներից Տարոն Հովսեփյանը, ում խոսքով՝ առանց այդ էլ չի եղել ամիս, որ գումարը ժամանակին ստանան:

Դեռ ավելին՝ տնօրինությունն անգամ արժանապատիվ աշխատանքային պայմաններ չի ապահովել՝ աշխատակիցների հետ վարվելով ճորտերի նման:

«Էդ փոշու մեջ սենյակները նույնիսկ պատուհաններ չունեն, ասում են՝ էս է, ուզում եք՝ ուզեք, չէ՝ կարող եք գնալ»,-նշեց ընկերության աշխատակիցը:

Ընկերության արտադրության գծով պատասխանատու Անդրանիկ Խաչատրյանն էլ, ով շուրջ 5 ամիս աշխատավարձ չի ստացել, ինչը 1,5 մլն դրամից ավելի գումար է, մեզ հետ զրույցում նշեց, որ թեև այս պահին գործարանը վերազինման փուլում է, այդուհանդերձ, նախկինում արտադրած հումքը արտահանվում է:

Աշխատակիցների փոխանցմամբ՝ տնօրինությունը՝ որպես չվճարման հիմնավորում նշում է գումար չլինելու հանգամանքը՝ վստահեցնելով, որ երբ ավարտվի գործարանի վերազինումը և աշխատանքները սկսվեն՝ բոլորը կվճարվեն:

Խնդրի առնչությամբ տնօրինությունից պարզաբանում ստանալ մեզ չհաջողվեց. տնօրենի օգնական Ելենա անունով ներկայացած աղջիկն ասաց, որ ղեկավարը տեղում չէ ու վստահեցրեց, որ նրա հետ կխոսի ու մեզ հետ կապ կհաստատի: Մինչ այս պահը, սակայն, որևէ տեղեկություն չի ստացվել:

Նշենք, որ«Արագած պեռլիտ» ԲԲԸ-ի գլխավոր տնօրենը ամերիկահայ գործարար Աշոտ Պողոսյանն է: Նա պեռլիտի արդյունահանման նպատակով ընդերքօգտագործման իրավունք ունի մինչև 2020 թվականը:

Հեղինակ՝ Լիաննա Մարգարյան

Лента

Рекомендуем посмотреть