Արագածոտնի մարզի Շամիրամ գյուղի գերեզմանատանը հնչած կրակոցների հետևանքով զոհերի թիվը հասել է 4-ի, չի հաջողվել փրկել «Արմենիա» ԲԿ տեղափոխված վիրավորի կյանքը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ այսօր առավոտյան անհայտ անձը մտել է նշված գյուղի գերեզմանատան տարածք, կրակ բացել հավաքվածների վրա, ապա դիմել փախուստի: Արձակված կրակոցների հետևանքով հրազենային վնասվածք է ստացել 11 անձ: 3-ը տեղում զոհվել են, 8-ը` վիրավորվել: Վիրավորներից 6-ը տեղափոխվել ենԱշտարակի բժշկական կենտրոն, որտեղ բոլորին ցուցաբերվել է բժշկական անհետաձգելի օգնություն: Նրանցից 3-ը, որոնց առողջական վիճակը գնահատվում է կայուն, միջին ծանրության, կյանքին վնաս չսպառնացող, ունեն վերջույթների հրազենային վնասվածքներ, իսկ 3-ը, ովքեր առավել ծանր վիճակում են գտնվում՝ Աշտարակի բժշկական կենտրոնից տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն: 2-ի վիճակը գնահատվում է միջին ծանրության, մեկինը` ծանր: Այս պահին վերջինիս վիրահատում են:
Իսկ հրազենային վիրավորում ստացած 8 անձանցից 2-ը սեփական միջոցներով տեղափոխվել են Երևան` «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն, որտեղ տուժածներից մեկի կյանքը, ցավոք, փրկել, չի հաջողվել: Վիրահատության ժամանակ նա մահացել է:
Հիշեցնենք՝ նախնական տվյալների համաձայն՝ հանցագործությունը կատարվել է կենցաղային հողի վրա:
«Շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով երկու և ավելի անձանց սպանության դեպքի առթիվ» Հայաստանի քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ: