ԵՊՀ ռեկտորը վերակենդանացման բաժանմունքում է. պրոռեկտորները հրավիրում են իրավապահների ուշադրությունը - RadioVan.fm

Онлайн

ԵՊՀ ռեկտորը վերակենդանացման բաժանմունքում է. պրոռեկտորները հրավիրում են իրավապահների ուշադրությունը

2018-05-30 15:56 , Общество, 3496

ԵՊՀ ռեկտորը վերակենդանացման բաժանմունքում է. պրոռեկտորները հրավիրում են իրավապահների ուշադրությունը

Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը հոսպիտալացվել է։ Այդ մասին ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում գրել է համալսարանի մամուլի պատասխանատու Գևորգ Էմին- Տերյանը։

ԵՊՀ-ն՝ ի դեմս պրոռեկտորներ Գեղամ Գևորգյանի և Ալեքսանդր Գրիգորյանի, իրավապահների ուշադրությունն են հրավիրում մայր բուհում ռեկտորի հրաժարականի պահանջով բողոքի դուրս եկած ուսանողների գործողություններին, ինչի հետևանքով ռեկտոր Արամ Սիմոնյանը վերակենդանացման բաժանմունքում է:

««ԵՊՀ ռեստարտ» քաղաքացիական նախաձեռնության անդամները, սահմանազանցելով խաղաղ հավաքների անցկացման իրենց իրավունքը, մտել են ԵՊՀ վարչական համալիր և ակնհայտ անհարգալից ու արհամարհական վերաբերմունք դրսևորելով ԵՊՀ աշխատակազմի նկատմամբ՝ ներկայացրել են անհիմն ու անիրավաչափ պահանջներ, խաթարել են ԵՊՀ բնականոն գործունեությունը, զբաղեցրել են վարչական տարածքներ, բռնություն են գործադրել ԵՊՀ ռեկտորի նկատմամբ, ինչի պատճառով ներկայումս նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, և վիճակը գնահատվում է ծանր»,-նշում են պրոռեկտորները տարածած հայտարարությունում՝ անթույլատրելի համարելով «գործող իշխանության ներկայացուցիչների, մանավորապես՝ ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի գրասենյակի ղեկավար Վահան Կոստանյանի և մամուլի խոսնակ Կարպիս Փաշոյանի անթաքույց աջակցությունը նշված գործողություններին»:

Հիշեցնենք՝ նախօրեին առավոտից «ԵՊՀ ռեստարտ» նախաձեռնության շուրջ համախմբված մի խումբ ուսանողներ բողոքի ակցիա էին իրականացրել՝ պահանջելով ռեկտորի հրաժարականը, անկախ աուդիտի անցկացում, ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի լուծարում, ԵՀՊ ուսանողական խորհրդի ու արհմիության գործունեության ժամանակավոր կասեցում։ Ռեկտորի և նախաձեռնության անդամների հանդիպումը որևէ հանգուցալուծման չէր հանգեցրել։ Արամ Սիմոնյանի հետ հանդիպումից հետո բողոքող ուսանողները մի պահ փակել էին նիստերի դահլիճի ելքը՝ թուլյ չտալով Սիմոնյանին դուրս գալ այնտեղից: Այդուհանդերձ, դուրս գալուց որոշ ժամանակ անց, Արամ Սիմոնյանի ինքնազգացողությունը վատացել էր, նրան զննելու էին գնացել շտապօգնության աշխատակիցները, որից հետո ռեկտորը տեղափոխվել է հիվանդանոց:

Ուսանողները, ովքեր գիշերը շարունակել են մնալ ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի գիտխորհրդի նիստերի դահլիճում՝ նշելով, որ չեն հեռանա մինչև ռեկտորը հրաժարական չտա, այսօր հայտարարել են, որ ի աջակցություն Արամ Սիմոնյանի՝ դադարեցնում են բողոքի ակցիաները:

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть