Երթի մասնակիցների վրա քարերով, մահակներով հարձակման փաստով ձերբակալվել են Մասիսի քաղաքապետն ու տեղակալը - RadioVan.fm

Онлайн

Երթի մասնակիցների վրա քարերով, մահակներով հարձակման փաստով ձերբակալվել են Մասիսի քաղաքապետն ու տեղակալը

2018-05-31 13:50 , Общество, 1679

Երթի մասնակիցների վրա քարերով, մահակներով հարձակման փաստով ձերբակալվել են Մասիսի քաղաքապետն ու տեղակալը

Ձերբակալվել են Մասիսի քաղաքապետն ու փոխքաղաքապետը՝ ապրիլի 22-ին Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած անկարգությունների դեպքի առթիվ Երևան քաղաքի քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով: Գործի շրձանակում ձերբակալվել են ևս 3 անձինք՝ Մասիսի բնակիչներ:

Հիշեցնենք՝ ապրիլի 25-ին Քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ «ապրիլի 22-ին քաղաքացուց հաղորդում է ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 13։00-ի սահմաններում, Երևանի Էրեբունի և Նոր-Արեշ 26-րդ փողոցների խաչմերուկում երթ իրականացնելիս, դիմակավորված անձինք հարձակվել են իր և երթի մասնակից մի շարք քաղաքացիների վրա, քարերով, մահակներով և էլեկտրահարող սարքերով հարվածներ հասցրել, որի հետևանքով երթին մասնակից անձանցից մի քանիսն ստացել են մարմնական վնասվածքներ»։

Նշենք՝ խոսքը ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության և ՀՀԿ-ի հետագա իշխանավարման դեմ այդ օրերին իրականացված «Իմ քայլը» շարժման երթի մասին է:

«Նախաքննության ընթացքում ներբեռնվել և քրեական գործին են կցվել ապրիլի 22-ին Էրեբունի և Նոր-Արեշ 26-րդ փողոցների խաչմերուկում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ տեսագրությունները, ինչպես նաև՝ դեպքին առնչվող մամուլում կատարված հրապարակումները, օպերատիվ-որոնողական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ հանձնարարություններ տրվել ոստիկանության ստորաբաժանումներին։

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում ձերբակալվել է 5 անձ՝ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը, քաղաքապետի տեղակալ Կարեն Օհանյանը, Մասիս քաղաքի բնակիչներ՝ 1982թ. ծնված Ս.Սահակյանը, 1995 թ. ծնված Գ.Համբարձումյանը, 1988 թ. ծնված Գ.Խաչատրյանը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարք, այն է՝ զանգվածային անկարգություններին մասնակցելու կասկածանքով։

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ»,-հայտնում են Քննչական կոմիտեից:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Лента

Рекомендуем посмотреть