Արցախում պաշտոններից հրաժարվել են նաև ԱԱԾ պետը և տեղակալը - RadioVan.fm

Онлайн

Արցախում պաշտոններից հրաժարվել են նաև ԱԱԾ պետը և տեղակալը

2018-06-06 16:36 , Политика, 1834

Արցախում պաշտոններից հրաժարվել են նաև ԱԱԾ պետը և տեղակալը

Արցախում ուժային կառույցների ղեկավարների հրաժարականները շարունակվում են։

Այսօր Արցախի նախագահին ազատման դիմումներ են ներկայացրել նաև Արցախի Ազգային անվտանգության ծառայության տնօրեն, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Արշավիր Ղարամյանը և նրա տեղակալ Գագիկ Սարգսյանը։

Լուրը հաստատել է Ստեփանակերտում այսօր իր հրաժարականի հիմքերը ներկայացնելու նպատակով մամլո ասուլիս հրավիրած Արցախի պետնախարար Արայիկ Հարությունյանը:

Նշենք՝ այսօր առավոտյան Արցախի կառավարությունը տեղեկատվություն տարածեց, որով հայտնեց, որ Արայիկ Հարությունյանը հունիսի 6-ին դիմում է ներկայացրել ԱՀ նախագահ Բակո Սահակյանին՝ խնդրելով իրեն ազատել Արցախի Հանրապետության պետական նախարարի պաշտոնից։ Կառավարությունից միաժամանակ տեղեկացրին, որ Ա. Հարությունյանն իր դիմումի հիմքերը կներկայացնի այսօր, ժամը 15:00-ին տեղի ունեցող մամուլի ասուլիսի ժամանակ:

Հիշեցնենք, վերջին օրերին Ստեփանակերտում բողոքի ցույցեր էին անցկացվում Արցախի ուժային կառույցների ղեկավարների հրաժարականի պահանջով: Ցույցերի ալիքը սկսվել էր հունիսի 1-ից, երբ ծեծկռտուք էր տեղի ունեցել Արցախի ԱԱԾ աշխատակիցների և քաղաքացիների միջև։

Հասարակության պահանջը հաշվի առնելով՝ այսօր ավելի վաղ հրաժարական է ներկայացրել նաև ոստիկանապետ Կամո Աղաջանյանը:

Նշենք, որ դեպքի առթիվ Արցախի Հանրապետության դատախազությունում քրեական գործ է հարուցվել՝ ԱՀ քրեական օրենսգրքի 269-րդ հոդվածի 3-րդ մասի1-ին և 2-րդ կետերով: Կան ձերբակալվածներ: Կատարվում է նախաքննություն:

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть