ԱԱԾ-ն՝ Տարոն Մարգարյանի հովանու ներքո գործող «Երևան» հիմնադրամի կոռուպցիոն սխեմաների հետքերով - RadioVan.fm

Онлайн

ԱԱԾ-ն՝ Տարոն Մարգարյանի հովանու ներքո գործող «Երևան» հիմնադրամի կոռուպցիոն սխեմաների հետքերով

2018-06-13 14:20 , Право, 2672

ԱԱԾ-ն՝ Տարոն Մարգարյանի հովանու ներքո գործող «Երևան» հիմնադրամի կոռուպցիոն սխեմաների հետքերով

Ազգային անվտանգության ծառայությունը հատուկ գործողություններ է իրականացնում Երևանի քաղաքապետարանում։

Ծառայությունից հայտնում են, որ հաղորդում է ստացվել ՀՀ քաղաքացիներ Վ.Գ.-ից և Ա.Խ.-ից այն մասին, որ Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձինք, կառուցապատման և գույքի ձևակերպման համապատասխան թույլտվություններ տրամադրելու դիմաց, բացի օրենքով սահմանված վճարումներից, իրենց պարտադրել են «Երևան» հիմնադրամին փոխանցել խոշոր չափերով գումարներ: Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ վերոնշյալ պատրվակով առձեռն ստացված գումարների մի մասը հիմնադրամի հաշվեհամար չի մուտքագրվել և հափշտակվել է: Հանցագործության մասին հաղորդումների հիման վրա ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի («Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ») և 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1 կետի («Պաշտոնական դիրքն օգտագործելով կատարված խարդախություն») հատկանիշներով»:

ԱԱԾ-ի փոխանցմամբ՝ Երևանի քաղաքապետարանի վարչական շենքում տեղակայված «Երևան» հիմնադրամի աշխատասենյակներում քրեական գործով կատարվել են խուզարկություններ: Իրականացվում են լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ և քննչական գործողություններ` քաղաքացիներից գումարների հավաքագրման հանգամանքները, ծախսերի ուղղությունները և նպատակայնությունը, ինչպես նաև օրինականությունը պարզելու ուղղությամբ:

Նշենք, որ «Երևան» հիմնադրամի շուրջ օրերս քննարկումներն ակտիվացան, երբ հայտնի դարձավ, որ այն լուծարելու մասին հարց է ընդգրկվել Երևանի ավագանու առաջիկա նիստում։

«Հիմնադրամ փակելով խնդիր չես լուծի»,-ֆեյսբուքյան իր էջում գրեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը՝ բարձրաձայնելով, որ «Երևան» հիմնադրամում, որի հոգաբարձուների խորհրդի նախագահը քաղաքապետ Տարոն Մարգարյանն է, կոռուպցիոն սխեմաներ են գործում։ Հարությունյանը նաև նշեց, որ տեղեկությունների հավաստիությունը ստուգելու համար դիմել են դատարան։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть