Онлайн

«Եթե այս համակարգը քո տարբերակով ընդունվի, ապա առաջիկայում կարող ենք Ղարաբաղ էլ կորցնել, հայրենիք էլ»․ Բագրատյանը՝ Փաշինյանին

2018-06-13 18:58 , Политика, 1935

«Եթե այս համակարգը քո տարբերակով ընդունվի, ապա առաջիկայում կարող ենք Ղարաբաղ էլ կորցնել, հայրենիք էլ»․ Բագրատյանը՝ Փաշինյանին

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում այսօր գրառում է կատարել՝ անդրադառնալով կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգի ներդրմանը, ըստ որի, նշենք, հուլիսի 1-ից պարտադիր կերպով համակարգին կմիանան նաև մասնավոր հատվածի աշխատողները, որոնց եկամտի 10 տոկոսի կուտակումը կձևավորվի 2.5 և 7.5 տոկոս համամասնությամբ. այսինքն` 2.5 տոկոսը կվճարի քաղաքացին, 7.5 տոկոսը` պետությունը: Ներկա կարգավորմամբ կենսաթոշակային համակարգի մասնակցի եկամտի 10 տոկոսը կուտակվում է հետևյալ համամասնությամբ՝ 5 տոկոսը վճարում է անձը, 5 տոկոսը՝ պետությունը՝ անձի օգտին:

Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի համոզմամբ՝ համակարգն այդ տարբերակով ընդունելու դեպքում առաջիկայում կարող ենք Ղարաբաղ էլ կորցնել, հայրենիք էլ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված գրառման մեջ Բագրատյանը նշում է.

«Նիկոլ, հարգելի բարեկամ

Մամուլից իմացա, որ որոշել ես շարունակել և ավելի քան 2 անգամ ընդլայնել այսպես կոչված կուտակային կենսաթոշակային համակարգը։ Մինչև այս տարվա հուլիսի մեկը պետական հատվածի աշխատողների աշխատավարձի 5%-ին գումարվում էր բյուջեի 5%-ը և ուղարկվում էր կառավարիչներին։ Մասնավոր հատվածի աշխատակիցների համար խնդիրը հետաձգված էր։ Դու հնարավորություն ունեիր այն չեղարկելու։Եւ ահա մամուլից իմանում եմ նոր որոշման մասին. 5-5 հարաբերակցությունը փոխվում է 2.5-7.5 հարաբերակցության և արդեն կիրառվում բոլոր աշխատողների նկատմամբ։

Ի՞նչ է իրականում որոշել կառավարությունը։ Նա որոշել է հետայսու ՀՀ բյուջեի մի 5-6%-ը (տարեկան առնվազն մի 60 մլրդ դրամ) 45 տարով (միջին հաշվով մի քիչ պակաս) դուրս հանել երկրից հետագայում այսօրվա երիտասարդների բարօրությունը ապահովելու համար։ Կարո՞ղ է նման որոշումը բնական համարվել։ Այո, շատերն են դա անում։ Ո՞րն է խնդիրը։ Այստեղ ահա սկսվում են հարցերը։

1. Զարգացման մեր մակարդակում, երբ մասնավոր սպառումը հաճախ գերազանցում է ՀՆԱ-ն, նման հանդուգն կուտակում կատարելը տրամաբանական չէ։ Մենք թաղված ենք միջնաժամկետ և միջին երկարաժամկետ (համենայն դեպս 45 տարուց պակաս) պարտքերի մեջ։ Բայց արի ու տես երկարաժամկետ պարտք ենք տալիս։

2. ՀՀ այսօրվա բյուջեն հիմնականում պետական ոլորտում զբաղվածների աշխատավարձն է ու կենսաթոշակները։ Երբ մենք բյուջեից 5-6%հանում ենք, ապա հարաբերականորեն իջեցնում ենք այս մարդկանց աշխատավարձը կամ թոշակը։ Ստացվում է այսօրվա թոշակառուներից փողը կտրում ենք վաղվա թոշակառուների համա՞ր (որոնք այսօր աշխատում են)։ Սա անթույլատրելի է։ Սովորաբար աշխատողներն են պահում չաշխատողներին։

Արդյոք սա պոպուլիստական նվեր չէ հեղափոխություն արած ջահելությանը։ Բա տարիքավորնե՞րը (30-ից բարձրերը), բա ծերե՞րը։ Էլ ու՞ր մնաց սերունդների համերաշխությունը։ Մենք նրանց իրար դե՞մ ենք հանում։

3. Փողը դուրս է տարվում 45 տարով։ Բայց ներդրվում է միջնաժամկետ արժեթղթերում (մինչև 10 տարի) կամ էլ միջին երկարաժամկետներում (մինչև 20 տարի)։ Այդ դեպքում ինչո՞ւ ենք 45 տարով տալիս։ Ինչո՞ւ չենք կապիտալիզացնում յուրաքանչյուր 10 կամ 20 տարին մեկ։

Ուսումնասիրությունները ցույց տվեցին որ աշխարհում 30 տարուց բարձր ռեգուլյար արժեթղթեր չկան։ Նայեք ԱՄՆ-ին. 10 տարին մեկ կապիտալիզացնում է։ Նույնիսկ Չիլին, որից իբր թե համակարգը փոխառել ենք։ 20 տարուց մի փոքր ավել (ի դեպ, Չիլին վերջերս մտցրել է աշխանքային կենսաթոշակ, մերձբալթյան հանրապետություններն իրենց վերջին տարիների ցածր տնտեսական աճը բացատրում են կուտակայինով)։ 45 տարի տնտեսական հորիզոն չկա, քանզի շղթայական ինդեքսները այդքան երկար ժամկետի համար գնաճի կամ արժույթի փոխարժեքի մեծ տատանումներ են տալիս։ 45 տարի հետո մենք չենք կարող իրար հանդիպել և ասել, ով էր ճիշտ և ով էր սխալ։ Մենք պարզապես չենք լինի։

Այս ամենը չի քննարկվել։ Կավարության նիստում ասած քո բառերը (անցել ենք անդառնալիության կետը) տեղին չեն։ Այս հարցում անդառնալիության կետ չկա։ Կամ էլ թե իբր հիմա վստահության իշխանություն է, ուրեմն կարելի է։ Այն, որ վստահության իշխանություն է, համաձայն եմ (առայժմ)։ Բայց այս հարցում վստահությունը կամ անվստահությունը ի՞նչ կապ ունեն։ Եթե այս համակարգը քո տարբերակով ընդունվի, ապա առաջիկայում կարող ենք Ղարաբաղ էլ կորցնել, հայրենիք էլ։ Ի՞նչու։ Որոովհետև հաշվի, որ մի հատ մարզ տնտեսական շրջանառությունից հանում ես։ Խնդրեմ, նստենք հեռուստացույցի առաջ բանավիճենք։ Կամ էլ, նկատի ունենալով, որ ի վերջո փողը մի սերնդից փոխանցում ես մյուսին, ինչո՞ւ չդնել հանրաքվեի։ Քո իշխանության գալը ժողովրդավարության հիանալի օրինակ էր։ Դե դա գործով ապացուցիր. դիր հանրաքվեի։

Չէի գրի։ Կգայի կպատմեի։ Բայց զանգերիս չես պատասխանում, հետ չես զանգահարում։ Ի դեպ սա առաջին դեպքն է։ Նախկինները, որոնց հստակ ընդդիմադիր էի, նույնիսկ նախագահը, եթե տեղում էլ չէին, մի քիչ հետո հետ էին զանգում։ Գիտեին, որ ես երբեք անձնական հարցով չեմ զանգահարում»:

Հիշեցնենք՝ կառավարությունը հունիսի 11-ին հրավիրած արտահերթ նիստում հավանություն տվեց «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծին, որը սահմանում է, որ 1974թ. հետո ծնված բոլոր քաղաքացիները այս հուլիսի 1-ից յուրաքանչյուր ամիս իրենց եկամտից 2.5 տոկոս կփոխանցեն կուտակային կենսաթոշակային համակարգին:

Արտահերթ նիստի հաջորդ օրը՝ հունիսի 12-ին, տարիներ շարունակ «պարտադիր» բաղադրիչի դեմ հանդես եկող, շուրջ 1 ամիս ՀՀ աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարի պաշտոնը զբաղեցրած Մանե Թանդիլյանը հրաժարական տվեց։

Հիշեցնենք, որ Թանդիլյանը պաշտոնը ստանձնելուց շուրջ 13 օր անց հանդես եկավ հայտարարությամբ, թե կառավարության քննարկմանն է ներկայացրել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների նախագիծ, որով առաջարկել է սոցիալական վճարի պարտադիր նորմը հետաձգել մեկ տարով՝ մինչև 2019թ հուլիսի 1-ը:

2014 թվականի հունվարի 1–ից ուժի մեջ մտած պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին այսօր միացած են բացառապես պետական հատվածի աշխատողները։ Օրենքի նախագծի ընդունման դեպքում՝ 2018 թ.–ի հուլիսի 1–ից «պարտադիր» բաղադրիչը պարտադիր կդառնա նաև 1974 թվականի հունվարի 1–ից հետո ծնված մասնավոր հատվածի բոլոր աշխատողների համար։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Рекомендуем посмотреть