Հանգիստը՝ երազանք հաշմանդամություն ունեցողների համար - RadioVan.fm

Онлайн

Հանգիստը՝ երազանք հաշմանդամություն ունեցողների համար

2017-08-02 19:50 , Общество, 1740

Հանգիստը՝ երազանք հաշմանդամություն ունեցողների համար

Երևանի փողոցները, մշակութային կենտրոններն այսօր առավել հասանելի են դարձել հաշմանդամություն ունեցող մարդկանց, քան նախկինում էր: Չնայած նշված դրական միտումներին այդ անձանց համար դեռ շատ խնդիրներ շարունակում են օրակարգային մնալ: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներով զբաղվող «Ունիսոն» ՀԿ նախագահ Արմեն Ալավերդյանը: Բանախոսը դրանցից առանձնացրել է սայլակների խնդիրը. «Հաշմանդամություն ունեցող անձինք պետությունից սայլակ ստանում են երեք տարին մեկ, սակայն ստանդարտացված այդ սարքերը շատ դեպքում չեն համապատասխանում կոնկրետ անձի պահանջմունքներին»,-ասել է Արմեն Ալավերդյանը՝ նկատելով, որ այդ պատճառով շատերը, և ինքն անձամբ, չեն կարողանում օգտվել պետության կողմից իրենց տրամադրված շարժական այդ հարմարանքներից:

«Ունիսոն» ՀԿ-ի ղեկավարի խոսքով՝ լուրջ խնդիր են ներկայացնում նաև հաշմանդամների կրթության և զբաղվածության հարցերը. շատ ծրագրեր անցնում են իրենց կողքով:

Ամռան այս տապին էլ հաշմանդամություն ունեցող անձանց համար արդիական է դառնում հանգստի խնդիրը. «Հաշմանդամները մեծ սիրով հանգստի կմեկնեին, սակայն սակավաշարժ, սայլակ օգտագործող անձանց համար այդ հնարավորությունը իսպառ բացակայում է»,-ընդգծել է Արմեն Ալավերդյանը՝ նշելով, որ շատ փոքր բացառություն է կազմում Ջերմուկում գործող մի բրենդային հյուրանոց, որն, ուղղակի, անմատչելի է ֆինանսական առումով:

Արմեն Ալավերդյանի խոսքով՝ տեսականորեն հնարավորություն կա քիչ, թե շատ մատչելի գներով հանգստանալ Վրաստանի ծովափնյա հանգստավայրերում, սակայն այդ դեպքում ևս՝ միակ փոխադրամիջոց հանդիսացող գնացքը հասանելի չէ սայլակ օգտագործողներին, հարմարեցված որևէ վագոն չկա:

«Հարցը պետք է բարձրացվի պետական մակարդակով: Դրա մասին շատ է խոսվում, բայց ոչինչ չի արվում»,-նշել է «Ունիսոն» ՀԿ-ի ղեկավարը՝ նկատելով, որ այդ ցավոտ հարցին պարզապես առաջնահերթություն չի տրվում:

Лента

Рекомендуем посмотреть