ՀՀ կառավարությունն այսօր կայացած նիստում հաստատել է ծխելու դեմ պայքարի ռազմավարությունը և այդ ուղղությունամբ 2017-2020 թթ. մեր երկրում իրականացվելիք միջոցառումների ծրագիրը:
Ռազմավարության ներդրումը նպատակ ունի կրճատել Հայաստանում ծխախոտի օգտագործման և սպառման ծավալները, պահպանել բնակչության առողջությունը` պաշտպանելով ծխախոտի ծխի երկրորդային ազդեցությունից, կրճատելով ծխախոտի օգտագործումը՝ նվազեցնել ոչ վարակիչ հիվանդությունների հիվանդացության ցուցանիշները: Ըստ այդմ, նախատեսվում է ծխախոտի օգտագործման տարածվածությունը տարեկան նվազեցնել 1,5-2 %-ով, 15 և բարձր տարիքի տղամարդկանց շրջանում էլ՝ մինչև 10%-ով:
Առողջապահության նախարարության վերալուծությունների համաձայն՝ երկրորդային ծխի ազդեցության նվազեցման շնորհիվ էլ արյան շրջանառության համակարգի հիվանդություններից, չարորակ նորագոյացություններից, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություններից և շաքարային դիաբետից՝ ընդհանուր և վաղաժամ մահացությունը կկրճատվի 5%-ով:
«Ընենց որ, քիչ ծխեք»,-ներկաներին հորդորել է վարչապետ Կարեն Կարապետյանը՝ ռազմավարության հաստատումից հետո:
Նշենք, որ ՀՀ կառավարությունը ռազմավարությունը նախատեսում է իրականացնել հետևյալ ուղղություններով.
1. Հայաստանի Հանրապետությունում ծխելու դեմ պայքարի ուղղությամբ բոլոր շահագրգիռ կողմերի ակտիվ համագործակցության իրականացում:
2. Ծխելու դեմ պայքարին ուղղված գործող օրենսդրական դաշտի վերանայում և լրամշակում:
3. Ծխելու դեմ պայքարին ուղղված գործունեություն իրականացնող առողջապահական կազմակերպությունների կարողությունների զարգացում:
4. Դեռահասների շրջանում ծխելու դեմ ուղղված միջոցառումների իրականացում:
5. Հայաստանի Հանրապետությունում ծխախոտի օգտագործման հետևանքով առողջությանը հասցված վնասների տվյալների ու մասշտաբների վերլուծության, հիմնական գործոնների, պատճառների բացահայտման և համաճարակաբանական հսկողության արդյունավետ գործընթացի իրականացում:
6. Ծխախոտի օգտագործման հետևանքով առաջացած վնասներիև հետևանքներիվերաբերյալ հանրության իրազեկվածության մակարդակի բարձրացում: