Մանե Թանդիլյանը կշարունակի պաշտոնավարել - RadioVan.fm

Онлайн

Մանե Թանդիլյանը կշարունակի պաշտոնավարել

2018-06-21 13:28 , Политика, 1807

Մանե Թանդիլյանը կշարունակի պաշտոնավարել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստի մեկնարկին հայտարարեց, որ չի ստորագրել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանի հրաժարականի դիմումը։ Ըստ այդմ՝ Թանդիլյանը կշարունակի պաշտոնավարել։

«Ես չեմ ընդունել հրաժարականը։ Վերջին օրերի քննարկումների արդյունքում տիկին Թանդիլյանի հետ համատեղ որոշել ենք, որ պետք է շարունակենք համատեղ աշխատանքը և պետք է աշխատենք այն խնդրի վրա, որը բուռն քննարկումների տեղիք է տալիս ոչ միայն կառավարությունում, այլև հանրության շրջանում՝ խոսքը կուտակային կենսաթոշակային համակարգի մասին է։ Ինչպես պայմանավորվել ենք նախկինում՝ նաև տնտեսական զարգացման նախարարի և արդարադատության նախարարի հետ պետք է աշխատենք համատեղ այդ համակարգը հետագայում առավել ընդունելի, առավել ընկալելի և առավել հուսալի դարձնելու համար»,-ասաց վարչապետը՝ հավելելով, որ պետք է փարատեն հանրության մեջ եղած բոլոր կասկածները՝ վստահ լինելու համար, որ ճիշտ ճանապարհով են գնում։

Մանե Թանդիլյանն էլ նշելով, որ իր հրաժարականի պատճառը կապված է եղել նաև համակարգի սկզբունքների հետ՝ ընդգծեց, որ պատրաստ է կարճ ժամանակում լրամշակել համակարգի վերաբերյալ նախագիծը և ներկայացնել հանրությանը՝ նաև ընդհանուր քննարկումներ անցկացնելու նպատակով։ Նրա խոսքով՝ փոփոխված օրենքը 2019-ի հունվարի 1-ից պետք է լիարժեք կիրառվի:

Հիշեցնենք՝ կառավարությունը հունիսի 11-ին հրավիրած արտահերթ նիստում հավանություն տվեց «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծին, ըստ որի՝ հուլիսի 1-ից «պարտադիր» բաղադրիչը պարտադիր կդառնա նաև 1974 թվականի հունվարի 1–ից հետո ծնված մասնավոր հատվածի բոլոր աշխատողների համար։ Սակայն մի տարբերությամբ․ եթե ներկա կարգավորմամբ կենսաթոշակային համակարգի մասնակիցը կուտակում է իր եկամտի 10 տոկոսը՝ 5 տոկոսը վճարում է անձը, 5 տոկոսը՝ անձի օգտին պետությունը, ապա հուլիսի 1-ից 10 տոկոսի կուտակումը կձևավորվի 2.5 և 7.5 տոկոս համամասնությամբ։ Այսինքն` 2.5 տոկոսը կվճարի քաղաքացին, 7.5 տոկոսը` պետությունը:

Հավելենք, որ խորհրդարանը երեկ ձայների 78 կողմ, 2 դեմ և 7 ձեռնպահ հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ ընդունեց «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը,

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть