Դավթաշենում արկի պայթյունից տուժած երիտասարդի վերջույթն անդամահատել են - RadioVan.fm

Онлайн

Դավթաշենում արկի պայթյունից տուժած երիտասարդի վերջույթն անդամահատել են

2017-08-03 18:12 , Общество, 1504

Դավթաշենում արկի պայթյունից տուժած երիտասարդի վերջույթն անդամահատել են

Դավթաշեն 2-րդ փողոցի 56/2 տան բակում երեկ երեկոյան տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժած 20-ամյա Աշոտ Եփրեմյանի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է: «Արմենիա բժշկական կենտրոն»-ի Անոթային վիրաբուժության կենտրոնի վարիչ Վիրաբ Աղաբեկյանի փոխանցմամբ՝ երիտասարդը պայթյունի հետևանքով ստացել է վերջույթների տրավմատիկ վնասվածք, աջ ստորին վերջույթի փափուկ հյուսվածքները ջնջխված են, նա ոսկորների բազամաբեկորային կոտրվածքներ ունի, ձախ վերջույթի փափուկ հյուսվածքների վնասվածքներով և տրավմատիկ շոկով է: Հակաշոկային միջոցառումներից հետո երիտասարդին երեկոյան անմիջապես վիրահատել են: Այսօր ևս՝ 20-ամյա երիտասարդը ենթարկվել է վիրահատության: Անդամահատել են նրա վերջույթներից մեկը: Նա անգիտակից է, շնչում է արհեստական շնչառական սարքի միջոցով: Նրա առողջական վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր:

Հիշեցնենք՝ երեկ երեկոյան նշված հասցեում գտնվող տան բակում արկի պայթյունի հետևանքով 2 անձ տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ վիրավորներից մեկը մահացել է:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով: Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել է հրետանային արկ՝ 620 մմ երկարությամբ 120 մմ տրամաչափի, ևս մեկ արկ՝ մասնատված երկու կտորի, էլեկտրական սարքի փաթույթ պղինձե գալարներով: Վերցվել են փորձանմուշներ: Քրեական գործով էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դատաբժշկական, դատաձգաբանական-հետքաբանական փորձաքննություններ: Նախաքննությունը շարունակվում է:

Նախնական տեղեկություններով՝ տուժածները փորձել են արկի գլխիկը սղոցել «բալգարկայի» միջոցով:

Лента

Рекомендуем посмотреть