Онлайн

ՓՄՁ-ն լուրջ աջակցության կարիք ունի․ առաջարկվում է տարանջատել մանրածախ և մեծածախ առևտուրը

2018-06-28 15:08 , Экономика, финансы, 569

ՓՄՁ-ն լուրջ աջակցության կարիք ունի․ առաջարկվում է տարանջատել մանրածախ և մեծածախ առևտուրը

ԱԺ մի խումբ պատգամավորների կողմից ներկայացված «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն այսօր ներկայացվել է

ՀՀ կառավարությունն այսօր հավանության է տվել «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաuտանի Հանրապետության oրենքում լրացումներ կատարելու մաuին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության առաջարկություններին:

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանի ներկայացմամբ՝ առաջարկվում է առևտրային ցանցերում տարանջատել մանրածախ և մեծածախ առևտուրը, ինչը, ըստ նրա հնարավորություն կտա փոքր սուբյեկտներին մրցակցել առևտրային ցանցից դուրս:

Արծվիկ Մինասյանը նշելով թե, ընդհանուր առմամբ, փոքր ու միջին բիզնեսի աջակցության գաղափարներն ընդունելի են և համապատասխանում են կառավարության որդեգրած քաղաքականությանը, այդուհանդերձ, ընդգծեց, որ նախագծի 4-րդ հոդվածում ամրագրված առևտրային ցանցերում մանրածախ առևտրի իրականացումը շաբաթ և կիրակի օրերին ժամը 20։00-ից մինչև ժամը 22։00-ն ընկած ժամանակահատվածում դադարեցնելու դրույթը լրացուցիչ հիմնավորման կարիք ունի:

Ըստ նախարարի՝ հստակ վերլուծություն, թե ինչ չափանիշների հիման վրա է նախատեսվել հենց նշված ժամերին առևտրի իրականացումը դադարեցնելու վերաբերյալ կարգավորումը՝ առկա չէ։

«Ավելի լավ է այստեղ յոթ չափել, մեկ կտրել, բայց որ ՓՄՁ-ն լուրջ աջակցության կարիք ունի, և կառավարությունը միջոցներ կձեռնարկի դրա համար, դա միանշանակ է: Բոլորս դրա հետ կապված համակարծիք ենք»,-ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ տեղեկացնելով, որ վաղը խորհրդակցություն է հրավիրել փոքր և միջին բիզնեսի աջակցության թեմայով՝ կոնկրետ անելիքները և ուղղությունները որոշելու նպատակով։

«ՓՄՁ-ների ներկայացուցիչների մասնակցության ապահովումը կարևոր է։ Պետք է իրենք էլ դառնան այդ պրոցեսի օրգանական մասը, որպեսզի, ի վերջո, հանրության բոլոր շերտերը տեսնեն, որ իրենք ունեն ռեալ հնարավորություն որոշումների կայացմանը մասնակցելու և որոշումների կայացման վրա ազդելու համար»,-շեշտեց Նիկոլ Փաշինյանը:

Գործադիրում առաջարկվեց նաև տոնավաճառների վարձավճարների ճշգրտումներ անել, որպեսզի վարձակալության պայմանները լինեն հրապարակային:

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Рекомендуем посмотреть