Վարչապետի որդին զորակոչվեց - RadioVan.fm

Онлайн

Վարչապետի որդին զորակոչվեց

2018-07-09 16:06 , Общество, 1515

Վարչապետի որդին զորակոչվեց

Կենտրոնական զինվորական հավաքակայանում այսօր տասնյակ նորակոչիկների հետ զինվորական պարտադիր ծառայության մեկնելու համար ներկայացել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը, ով, հիշեցնենք, դեռ մայիսի 26-ին տեսաուղերձի միջոցով հայտարարել էր ծառայությունն Արցախում անցկացնելու նպատակով դիմում գրելու որոշման մասին։

Խոսելով որոշման հիմքերից՝ վարչապետի որդին նշել էր, որ ղարաբաղյան կոնֆլիկտում խաղաղության հասատումը հայկական կողմի ձեռքերում է և, որ ինքը խաղաղության հանդեպ և հայրենիքի հանդեպ ունեցած մարդկային ու քաղաքացիական պարտքից ելնելով որոշել է հնարավորինս նպաստել այդ խաղաղությանը։

Այսօր, արդեն, կենտրոնական հավաքակայանում լրագրողների հետ զրույցում Աշոտ Փաշինյանն ընդգծել է․ «Օրենքի առաջ բոլորը պետք է հավասար լինեն, եթե նույնիսկ ինչ-որ մեկն ուզի չծառայել, օրենքը դա իրեն չպետք է թույլ տա: Այստեղ խնդիրն այն է, որ օրենքը չի գործել, և մարդիկ կարողացել են ինչ-որ ձևով խարդախություն անել»։

«Իմ տղայի՜ն, իմ հպարտությա՛նը և մեր բոլոր զինվորներին խաղաղ ծառայություն՝ հանուն Հայաստանի և Արցախի հանրապետությունների»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է նորակոչիկ Աշոտ Փաշինյանի մայրը՝ Աննա Հակոբյանը, ով այսօր եղբոր՝ ԱԺ պատգամավոր Հրաչյա Հակոբյանի ուղեկցությամբ վաղ առավոտից հավաքակայանում է եղել:

Հավելենք, որ Նիկոլ և Աշոտ Փաշինյանների մայիսի 26-ի տեսաուղերձից հետո, որում Հայաստանի վարչապետը արտերկրում գտնվող և ծառայության չմեկնած Հայաստանի քաղաքացիներին կոչ արեց առաջին իսկ հնարավորության դեպքում վերադառնալ Հայաստան և իր 18-ամյա որդու՝ Աշոտ Փաշինյանի հետ մեկնել բանակ, Հայաստան է վերադարձել և հուլիսի2-ից մեկնարկած ամառային զորակոչին է ներկայացել պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած շուրջ 156 երիտասարդ։ Այդ մասին զորակոչի մեկնարկին լրագրողների հետ զրույցում ասել է Գլխավոր շտաբի նորանշանակ պետը Արտակ Դավթյանը։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть