Онлайн

Հարկային պարտավորությունների չկատարման մասով 1,5 ամսում վերականգնվել է 20 մլրդ 622 մլն դրամի վնաս

2018-07-10 15:26 , Экономика, финансы, 357

Հարկային պարտավորությունների չկատարման մասով 1,5 ամսում վերականգնվել է 20 մլրդ 622 մլն դրամի վնաս

ՀՀ նոր կառավարությունն ամփոփել է գործունեության շուրջ երկու ամսում երկրում տավող կոռուպցիայի, չարաշահումների և ստվերային տնտեսության դեմ պայքարի արդյունքները: Ըստ այդմ՝ իրավապահ տարբեր մարմինների կողմից հարուցված քրեական գործերի շրջանում միայն հարկային պարտավորությունների մասով մեկուկես ամսվա ցուցանիշով՝ հուլիսի մեկի դրությամբ հաշվարկվել, վերականգնվել է 20 մլրդ 622 մլն դրամի վնաս կամ չվճարված հարկ, որը պետք է վճարվի: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստում ընդգծել է, որ խոսքը 42 մլն դոլարի մասին է և այդ ուղղությամբ աշխատանքը պետք է շարունակվի:

Ներկայացված թիվը չի վերաբերում ապօրինի հարստացման գործերին, յուրացումներին և այլ կոռուպցիոն երևույթների հետ կապված գործերին՝ հարկ է համարել ընդգծել վարչապետը, ում գնահատմամբ, դրանք ևս իրենց ծավալներով չափազանց մեծ են:

«Իհարկե, այս պրոցեսը շարունակվելու է և մենք լրջագույն գումարներ վերականգնելու ենք, պետությանը հասցված վնասները վերականգնելու ենք և ինչպես ասել եմ, մինչև վերջ ենք վերականգնելու, աննահանջ ենք վերականգնելու»,-շեշտել է գործադիրի ղեկավարը:

Իսկ թե ինչու բյուջեում այս պահի դրությամբ վերադարձված 20 մլրդ դրամից միայն 800 մլն-ն է արտահայտված, Փաշինյանը պարզաբանում է խնդրել ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանից։

«Բնականաբար, քննչական և հետաքննչական ծառայությունները համագործակցել են քննչական ծառայության, դատախազության հետ և ցանկանում եմ, որ սա վերագրենք հավաքական աշխատանքի արդյունք: Ինչ վերաբերում է Ձեր ասած թվերին, ըստ էության, 20 մլրդ 622 մլն-ն օր-օրի փոփոխվում է, բնականաբար այն ունի բարձրանալու միտում: Այս պահի դրությամբ այս գումարը 73 տնտեսվարողների վարքագծի արդյունք է և մենք կարող ենք դա բաժանել 3 մասի: Ինչպես Դուք ասացիք, 800 մլն դրամը փաստացի մուտքագրվել է բյուջե, մոտավորապես 12,7 մլրդ դրամ առաջադրվել է գանձման պետական բյուջե, իսկ 7 մլրդ-ի կարգի միջոցները նախնական հաշվարկներ են, որոնք փոփոխման ենթակա են, այսինքն քննչական գործողությունների ընթացքում դրանք ավելանալու միտում ունեն: Երբ ասում ենք, որ վերականգնվել է, օրինակ՝ 2.5 մլրդ դրամ, նկատի ունենք, որ օրինակ՝ «Նորֆոլկի» հաշվարկային հաշվին մուտքագրվել է համապատասխան գումար, որը վերահսկվում է ԱԱԾ և ՊԵԿ համապատասխան ծառայությունների կողմից և լուծարային ստուգման ակտը գրելուն պես ակտի հիման վրա հաշվարկային հաշվիչ գումարները կփոխանցվեն պետական բյուջե: Երբ, օրինակ՝ «Նորֆոլկի» դրվագով ասում ենք, որ ունենք վերականգնում, պետք է դա այս պահին վերապահումով ասել. վերականգնումը դեռևս չի նշանակում պետական բյուջեի անմիջական մուտք, նշանակում է, որ վերակագնվել է բյուջեի հաշվարկային հաշիվ և մուտքագրվելու է պետական բյուջե ակտի առկայության պայմաններում, որը մենք նախատեսում ենք հրապարակել մինչև հուլիսի 17-ը»,-ասել է Դավիթ Անանյանը:

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть