Երեկ ուշ երեկոյան մայրաքաղաքի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել ապրիլյան պատերազմում զոհված հերոս Ազատ Սիմոնյանի եղբայրը: Նորածնին անվանակոչել են Արթուր: Նա կշռում է 3կգ 570 գրամ, հասակը 50 սմ է: Հիվանդանոցի մանկաբարձ Հասմիկ Գարսևանովնայի փոխանցմամբ՝ նորածնի մայրը՝ Վեհանուշ Ենոքյանը, թեև այնքան էլ մանկածնության տարիքի չէ, ավելին՝ ավագ որդու զոհվելու հետևանքով սթրեսներից գինեկոլոգիական խանգարումներ է ունեցել, այդուհանդերձ, հրաշքով հղիացել և կեսարյան հատմամբ լույս աշխարհ է բերել արու զավակի: Ծննդկանն ու նորածինն իրենց լավ են զգում:
Հիշեցնենք՝ ապրիլյան պատերազմի հերոս, ժամկետային զինծառայող Ազատ Սիմոնյանը Կոտայքի մարզի Կամարիս գյուղից էր, բանակ էր զորակոչվել 2015-ին: Նա արցախա-ադրբեջանական շփման գծում 2016-ի ապրիլին հակառակորդի հարձակման առաջին օրվանից անհետ կորած էր համարվում: Այնուհետ՝ հակառակորդի կողմից զոհվածների մարմինների փոխանակման ժամանակ հայտնի դարձավ, որ նա հայկական կողմին հանձնված 18 զոհերից մեկն է։
Հավելենք, որ վերջին երեք օրերին մայրաքաղաքում, ընդհանուր առմամբ, ծնվել է 155 երեխա՝ նրանցից 78-ը տղա է, 77-ը՝ աղջիկ: