Ադրբեջանի կողմից հայկական հուշարձանների նպատակաուղղված ոչնչացման լուսնակարներով Արցախի ԱԳՆ հուշագիրը՝ ՄԱԿ-ի պաշտոնական կայքէջում - RadioVan.fm

Онлайн

Ադրբեջանի կողմից հայկական հուշարձանների նպատակաուղղված ոչնչացման լուսնակարներով Արցախի ԱԳՆ հուշագիրը՝ ՄԱԿ-ի պաշտոնական կայքէջում

2018-07-13 17:03 , Общество, 2026

Ադրբեջանի կողմից հայկական հուշարձանների նպատակաուղղված ոչնչացման լուսնակարներով Արցախի ԱԳՆ հուշագիրը՝ ՄԱԿ-ի պաշտոնական կայքէջում

Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) պաշտոնական կայքէջում հրապարակվել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հուշագիրը՝ Արցախում և Ադրբեջանում պատմության և մշակույթի հուշարձանների վիճակի վերաբերյալ։ Այդ մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից՝ ընդգծելով, որ ավելի վաղ Արցախի ԱԳՆ հուշագիրը՝ որպես պաշտոնական փաստաթուղթ, տարածվել է ՄԱԿ-ում, ինչպես նաև ԵԱՀԿ-ում և Եվրոպայի խորհրդում։

Փաստաթղթում ընդգծվում է, որ Արցախի Հանրապետության տարածքում բոլոր ճարտարապետական հուշարձաններն Արցախի սեփականությունն ու ժառանգություն են, ներառված են Արցախի Հանրապետության պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցանկում և գտնվում են պետության պահպանության տակ։

«Լինելով միջազգային հանրության պատասխանատու անդամ և մեծ կարևորություն տալով պատմության և մշակույթի հուշարձանների պահպանությանը՝ Արցախի Հանրապետությունը կամավոր հիմունքներով պատասխանատվություն է ստանձնել, որը բխում է Եվրոպական մշակութային կոնվենցիայից, Հնագիտական ժառանգության պահպանության մասին Եվրոպական կոնվենցիայից և Եվրոպայի ճարտարապետական ժառանգության պաշտպանության մասին կոնվենցիայից: Համապատասխան վավերագրերն ուղարկվել են Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին 2014 թ. դեկտեմբերի 22-ին և 2015 թ. հունիսի 30-ին։ Ստանձնած պարտավորությունների համաձայն` յուրաքանչյուր տարի Արցախի Հանրապետության իշխանությունների կողմից միջոցներ են հատկացվում պատմական հուշարձանների պահպանության նպատակով՝ անկախ դրանց ծագումից»,-նշվում է հուշագրում։

Փաստաթղթում փաստեր են ներկայացվում, որոնք հերքում են Ադրբեջանի մեղադրանքները՝ Արցախի տարածքում մահմեդական հուշարձանների իբրև ոչնչացման վերաբերյալ։ Հուշագրում նշված է, որ կեղծ մեղադրանքներից բացի Ադրբեջանը որևէ ապացույցներ չի ներկայացնում և փորձում է իր իսկ մոտեցումներն ու գործողությունները վերագրել հայկական կողմին։ Այս համատեքստում ընդգծված է, որ խորհրդային ժամանակահատվածում և պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից ոչնչացվել են Արցախի տարածքում գտնվող հայկական 167 եկեղեցիներ, 8 վանական համալիրներ և 123 գերեզմանատներ։Այսօր նույնպես Ադրբեջանը շարունակում է հայկական հուշարձանների ոչնչացման նպատակաուղղված քաղաքականությունն իր վերահսկողության տակ գտնվող տարածքներում։ Ավելին, խաղաղ ժամանակ ադրբեջանական իշխանություններնամբողջությամբ կամ մասնակի ոչնչացրել են բոլոր հայկական պատմական և մշակութային հուշարձանները Նախիջևանում, որտեղ 20-րդ դարի վերջին կային թվով 218 հայկական քրիստոնեական վանքեր, եկեղեցիներ, զանգակատներ, ավելի քան 4500 խաչքարեր և միայն 6 մզկիթներ։

Փաստաթղթում մտահոգություն է հայտնվում Ադրբեջանի իշխանությունների փորձերի կապակցությամբ՝ Արցախում եկեղեցիների կառուցումը մեկնաբանել որպես միջազգային մարդասիրական իրավունքի խախտում և այն օգտագործել՝ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությանը կրոնական բնույթ հաղորդելու համար։

Այս համատեքստում ընդգծված է, որ Միջազգային մարդասիրական իրավունքի մեջ չկա որևէ դրույթ, որը սահմանափակի կրոնի ազատության իրավունքի իրացումը, այդ թվում`եկեղեցիների կառուցումը։ Հայերը սկսել են եկեղեցիներ կառուցել ավելի քան 1700 տարի առաջ՝ մինչ Ադրբեջանի հայտնվելը։ Արցախի դիրքորոշմամբ՝ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը կրոնական չէ, բայց իրենից ներկայացնում է երկու արժեհամակարգերի բախում, որն արտահայտվում է Արցախի կողմից՝ ազատության և ժողովրդավարության ձգտման, իսկ Ադրբեջանի կողմից՝ Արցախի ժողովրդին իր ճակատագիրն ինքնուրույն որոշելու անքակտելի իրավունքից ուժի միջոցով զրկելու փորձի մեջ։

Հուշագիրը ներառում է նաև բազմաթիվ լուսանկարներ, որոնք վկայում են Ադրբեջանի կողմից հայկական հուշարձանների նպատակաուղղված ոչնչացման և պղծման մասին:

Лента

Рекомендуем посмотреть