Վարչապետի կինը չի պատրաստվում միջնորդել աշխատանքի տեղավորման հարցում՝ անկախ նրանից, թե ով քանի անգամ է իր հետ սուրճ խմել - RadioVan.fm

Онлайн

Վարչապետի կինը չի պատրաստվում միջնորդել աշխատանքի տեղավորման հարցում՝ անկախ նրանից, թե ով քանի անգամ է իր հետ սուրճ խմել

2018-07-13 17:38 , Общество, 1904

Վարչապետի կինը չի պատրաստվում միջնորդել աշխատանքի տեղավորման հարցում՝ անկախ նրանից, թե ով քանի անգամ է իր հետ սուրճ խմել

ՀՀ վարչապետի տիկնոջ կարգավիճակում Աննա Հակոբյանի բոլոր պատկերացումները գերազանցել են այն կարծրատիպերը, որոնք կան առաջին դեմքի կնոջ վերաբերյալ: Այդ մասին Աննա Հակոբյանն ասել է նախօրեին իր հիմնադրած «Իմ քայլը» հիմնադրամի գործունեության մեկնարկին։

«Այս երկու ամսվա ընթացքում մարդիկ ինձ վերաբերվեցին որպես կնոջ, ով կարող է թաքուն ազդել ամուսնու քաղաքական որոշումների վրա, միջնորդի, որ ամուսինն ընդունի այս կամ այն անձնավորությանը, կամ հավանություն տա նրանց առաջարկություններին: Մարդիկ ինձ վերաբերվեցին որպես կնոջ, ով կարող է ներքին կարգով միջնորդել, որպեսզի ծանոթները, ծանոթների ծանոթները և նրանց ծանոթներն աշխատանքի անցնեն նախարարություններում: Ես ինձ զգացի կին, ումից զգուշավորություն են զգում կառավարության շատ անդամներ, իսկ ինձ մտերիմ լինելը համարվում է առավելություն՝ անձնական հարցերը լուծելու համար»,- նշել է Հակոբյանը՝ խոստովանելով, որ այդ զգացողությունը հաճելիներից չէ, ավելին՝ այն իր համար խիստ հիասթափեցնող է։

«Ուզում եմ թախանձագին բոլորին խնդրել այստեղ ասվածն ընդունել ի գիտություն և ասվածից դուրս որևէ դերակատություն ինձ չվերագրել ու սպասելիքներ չունենալ: Ուզում եմ բոլորին ասել, որ ես չունեմ սիրած երգիչ-երգչուհիներ կամ դերասաններ, չեմ կարող և չեմ պատրաստվում մարդկանց աշխատանքի տեղավորելու միջնորդություններ անել, էական չէ, թե ով քանի անգամ է ինձ հետ սուրճ խմել՝ այդ հանգամանքը նրա կյանքում ոչինչ չի փոխելու: Եվ որ ամենակարևորն է՝ չեմ պատրաստվում ինձ շրջապատել «պալատական շքախմբով». հարաբերությունների այդ տեսակն ինձ հաճելի չէ, և ես առհասարակ անկարող եմ մութ, ընդհատակյա գործունեություն ծավալել: Աշխարհի շատ երկրներում կանայք, այդ թվում՝ ղեկավարների կանայք կոտրել են բազմաթիվ կարծրատիպեր և վաստակել են իրենց հասարակությունների հարգանքը, և ես հույս ունեմ, որ դա կհաջողվի նաև մեզ մեր երկրում»,- նշել է վարչապետ Փաշինյանի կինը:

Ինչ վերաբերում է «Իմ քայլը» հիմնադրամի գործունեությանը, որի առաջին ծրագրերի իրականացումը նախանշված է արդեն հոկտեմբերից, ապա, ըստ Աննա Հակոբյանի, այն դառնալու է հարթակ, որի միջոցով լուծումներ կգտնվեն բոլոր այն կարևոր խնդիրների համար, որոնց լիարժեք լուծումն ինչ-ինչ պատճառներով դեռևս հասանելի չէ պետությանն ու կառավարությանը:

«Մենք ձգտելու ենք համատեղ ջանքերով կառուցել բոլոր առումներով առողջ և ներառական հասարակություն, որտեղ ոչ ոք անտեսված չի լինի, և բոլորը կունենան հավասար հնարավորություններ»,-ասել է Աննա Հակոբյանը՝ խոստանալով վարչապետի տիկնոջ կարգավիճակում իր բոլոր քայլերում լինել բաց և տեսանելի բոլորի համար։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть