Ֆրանսիա-Արցախ բարեկամական խմբի նախագահին ՀՀ քաղաքացիություն է շնորհվել - RadioVan.fm

Онлайн

Ֆրանսիա-Արցախ բարեկամական խմբի նախագահին ՀՀ քաղաքացիություն է շնորհվել

2018-07-19 14:55 , Политика, 1169

Ֆրանսիա-Արցախ բարեկամական խմբի նախագահին ՀՀ քաղաքացիություն է շնորհվել

Ֆրանսիա-Արցախ բարեկամական խմբի նախագահ, Ֆրանսիայի Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ֆրանսուա Ռոշբլուանը Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն է ստացել:

Հայաստանի Հանրապետության անձնագիրը նրան է հանձնել վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նախօրեին կառավարությունում կայացած ընդունելությանը։

Վարչապետը բարձր է գնահատել պարոն Ռոշբլուանի դերը հայ-ֆրանսիական կապերի ամրապնդման գործում և շնորհակալություն հայտնել երկար տարիների ընթացքում կատարած հայանպաստ գործունեության համար։ Գործադիրի ղեկավարը համոզմունք է հայտնել, որ ՀՀ քաղաքացիություն ստանալը նոր խթան կհանդիսանա, որպեսզի նա էլ ավելի ամրապնդի կապերը Հայաստանի, հայ ժողովրդի հետ և հաճախակի այցելի մեր երկիր:

Կառավարության մամլո ծառայության հաղորդմամբ՝ Ֆրանսուա Ռոշբլուանը շնորհակալություն է հայտնել վարչապետին մեծ գնահատանքի համար և հավելել, որ լինելով հայ ժողովրդի բարեկամը՝ ՀՀ անձնագիր ստանալը մեծ նշանակություն ունի իր համար: Ֆրանսիա-Արցախ բարեկամական խմբի նախագահը տեղեկացրել է, որ սա իր 33-րդ այցն է Հայաստան և վստահեցրել, որ շարունակելու է ակտիվ գործունեությունը՝ ի նպաստ հայ-ֆրանսիական կապերի հետագա զարգացման ու ամրապնդման:

Ֆրանսիա-Արցախ բարեկամական խմբի նախագահը միաժամանակ նշել է, որ հետևել է գարնանը Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական իրադարձություններին՝ հավելելով, որ հեղափոխության խաղաղ բնույթը ևս մեկ անգամ վկայում է ժողովրդավարարական արժեքներին հայ ժողովրդի հավատարմության մասին:

Ֆրանսիացի գործիչը Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությանը մաղթել է նորանոր հաջողություններ և տեղեկացրել, որ հուլիսի 19-ին պատրաստվում է այցելել Արցախ:

Лента

Рекомендуем посмотреть