Նաս Դեյլիի հայաստանյան 3-րդ բացահայտումը 65-ամյա անվաչմշկորդ Լևոնն է - RadioVan.fm

Онлайн

Նաս Դեյլիի հայաստանյան 3-րդ բացահայտումը 65-ամյա անվաչմշկորդ Լևոնն է

2018-07-19 17:12 , Общество, 1959

Նաս Դեյլիի հայաստանյան 3-րդ բացահայտումը 65-ամյա անվաչմշկորդ Լևոնն է

Հայտնի բլոգեր Նաս Դեյլին, ով Հայաստան է ժամանել օրեր առաջ, հրապարակել է Հայաստանի մասին իր հերթական մեկ րոպեանոց տեսանյութը, որի հերոսը 65-ամյա հայ անվաչմշկորդ Լևոնն է, ում, նշենք, շատերը գոնե մեկ անգամ հանդիպած կլինեն երևանյան փողոցներում։

«Այս մարդը չունի տարիք և երբեք չի մեռնելու. ծանոթացեք նա Լևոնն է և նա ապրում է իր կյանքի ամեն օրը»,-այսպես է միլիոնավոր հետևորդներ ունեցող Նաս Դեյլին նկարագրում իր հայսատանյան հերոսին։

Նշենք, որ Լեոն Աբգարյանը՝ ՀՀ մայրաքաղաքի կոլորիտային դեմքերից մեկը, ԱՄՆ-ից տարիներ առաջ է տեղափոխվել Հայաստան: Ինչպես իր հարցազրույցներից մեկում նշել էր նա՝ ինքը «ծնվել է չմուշկներով», և այսօր էլ, չնայած հասակին, անվաչմուշկը նրա անբաժան ընկերն է։

«Նրա սահադաշտը մայրուղիներն են։ Լևոնը չմշկում էառանց սաղավարտի, առանց վախի մեքենաներից ու վթարներից ու անգամ ոստիկանությունից չի փախչում...կարելի էրկարծել, թե բոլորը պիտի ատեն Լևոնին դրա համար, բայց՝ ոչ․ այստեղ՝ Հայաստանում, նա սիրված է, իսկ ոստիկանությունը նրա ընկերն է»,-իր՝ «Այս մարդը երբեք չի մահանա» խորագիրը կրող տեսանյութում ասում է արաբ բլոգերը՝ միաժամանակ պատմելով, որ իր հերոսը թոշակառու է, ապրում է փոքրիկ բնակարանում։

Հիշեցնենք՝ Նաս Դեյլիի Հայաստանի մասին պատմող առաջին տեսահոլովակում տպավորություններն էին ցայտաղբյուրների մասին։ «Սա անվճար ջրի երկիր է»՝ արձանագրել էր բլոգերը։

Երեկ հրապարակած երկրորդ տեսահոլովակում նա բացահայտում է, թե ինչու են Հայաստանը «շախմատի երկիր» անվանում՝ նկարահանումներում ներգրավելով ինչպես դպրոցահասակ շախմատ խաղացող երեխաներին, այնպես էլ՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին, գրոսմայստեր Լևոն Արոնյանին։

Նշենք, որ Հարվարդի շրջանավարտ Նյուսեիր Յասինը՝ նույն ինքը՝ Նաս Դեյլին, հաջողակ կյանք վարելով Նյու Յորքում՝ բարձր տեխնոլոգիական ընկերությունում վաստակելով տարեկան $ 120,000, երկու տարի առաջ՝ 2016-ին, որոշում է կայացնում ճանապարհորդել։ 26-ամյա երիտասարդին չի լքում այն զգացողությունը, որ կյանքը անցնում է իր կողքով։

Այդպիսով՝ նա 2016-ի փետրվարից սկսում է իր ճամփորդությունները աշխարհի տարբեր երկրներ` դրանց մասին իր բացահայտումներով մեկ րոպե տևողությամբ տեսանյութերով կիսվելով իր հետևորդների հետ: Իր ճամփորդության 829-րդ օրը նա ժամանեց Հայաստան։

Միայն «Ֆեյսբուք» սոցիալական կայքում ծագումով արաբ բլոգերն այսօր 7 մլն-ից ավելի հետևորդ ունի։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть