Անխուսափելիորեն անցնելու ենք կադրային հեղափոխության էջին․ վարչապետը՝ ադապտացիոն շրջանի և չհարմարվողների մասին - RadioVan.fm

Онлайн

Անխուսափելիորեն անցնելու ենք կադրային հեղափոխության էջին․ վարչապետը՝ ադապտացիոն շրջանի և չհարմարվողների մասին

2018-07-20 14:34 , Политика, 1217

Անխուսափելիորեն անցնելու ենք կադրային հեղափոխության էջին․ վարչապետը՝ ադապտացիոն շրջանի և չհարմարվողների մասին

Մենք անխուսափելիորեն անցնելու ենք կադրային հեղափոխության էջին, բայց դա չի նշանակում, որ գերանդին վերցնելու ենք ու հնձելու ենք բոլորին։ Այդ մասին այսօր կառավարությունում հրավիրված մամլո ասուլիսին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Անդրադառնալով նոր կառավարության վարած կադրային քաղաքականությանը՝ վարչապետը արձանագրեց՝ նոր կառավարությունում գործում են երեք խումբ մարդիկ․ առաջինը նոր մարդիկ են, երկրորդը՝ հին մարդիկ, երրորդում ընդգրկված են այն մարդիկ, որոնք հին ժամանակներում աշխատած լինելով ՝ նոր ժամանակներում փոխել են իրենց կարգավիճակը։

Վարչապետի խոսքով՝ նոր իրավիճակում անխուսափելի է ադապտացիայի շրջանը բոլորի համար՝ հին և նոր, ինչպես նաև այն կադրերի համար, որոնց համար կարգավիճակային փոփոխություններ են տեղի ունեցել։

«Այս նոր իրավիճակում կառավարության՝ իմ վարած կադրային քաղաքականության առաջին փուլի նպատակը եղել է հեղափոխության անցնցում հաղթանակը արձանագրելը։ Հիմա պետք է հասկանանք, որ տեղի է ունենում ադապտացիայի շրջան, որի ընթացքում լինելու են մարդիկ, որոնք հարմարվելու են իրավիճակին, և լինելու են մարդիկ, ովքեր չեն հարմարվելու իրավիճակին։ Սա անխուսափելի է, քանի որ այն, ինչ տեղի է ունեցել Հայաստանում, ուղղակի շարքային փոփոխություն չէ, այլ գործելաոճի, աշխատաոճի, նպատակների, ազգային և պետական ամբիցիաների փոփոխություն է և այս իրավիճակը կանխատեսվել է շատ փոքր խումբ մարդկանց կողմից։ Մնացածների համար սա անկանխատեսելի իրավիճակ է»,-ասաց վարչապետ Փաշինյանը։

Կառավարության ղեկավարի խոսքով՝ ադապտացիայի շրջանի արդյունքում նրանք, ովքեր ի վիճակի կլինեն հարմարվել նոր իրողություններին և արդյունավետ գործել այդ իրողությունների ու սկզբունքների շրջանակում՝ կմնան, իսկ «նրանք, ովքեր չեն տեղավորվի այդ տրամաբանության սահմաններում՝ ստիպված կլինեն այլ աշխատանք փնտրել իրենց համար, եթե, իհարկե, քննչական մարմինները նրանց այլ հարցեր չեն ունենա»։

Անդրադառնալով կադրային բանկի ձևավորմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ պետք է ուղիներ փնտրեն ազգային լավագույն ներուժը Հայաստանի կառավարման համակարգում ընդգրկելու համար, ինչը, ըստ նրա, լայն հնարավորություն կբացի Հայաստանի և Սփյուռքի լավագույն կադրերի համար։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть