Հանուն ֆինանսական աջակցության ոչինչ չենք արել և չենք անելու․ Փաշինյանը՝ ՀՀ-ԵՄ հարաբերությունների մասին - RadioVan.fm

Онлайн

Հանուն ֆինանսական աջակցության ոչինչ չենք արել և չենք անելու․ Փաշինյանը՝ ՀՀ-ԵՄ հարաբերությունների մասին

2018-07-20 15:30 , Политика, 1402

Հանուն ֆինանսական աջակցության ոչինչ չենք արել և չենք անելու․ Փաշինյանը՝ ՀՀ-ԵՄ հարաբերությունների մասին

Եվրամիության առաջարկած բանաձևը՝ այն է Արևելյան գործընկերության երկրների հետ «ավելին ավելիի» դիմաց բանաձևով հարաբերվելը, ինչը ենթադրում է հավատարմություն հռչակված արժեքներին՝ ժողովրդավարություն, օրենքի գերակայություն, արդար դատական համակարգ, կոռուպցիայի դեմ պայքար,չի աշխատում հենց Եվրամիության քաղաքականության համար։ Այդ մասին այսօր հրավիրված մամլո ասուլիսում արձանագրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ վստահեցնելով, որ Հայաստանը հանուն ֆինանսական աջակցության ոչ մի բան չի արել և հանուն ֆինանսական աջակցության ոչ մի բան չի անելու:

«Ինձ համար զարմանալի է, որ Եվրամիությունում դեռ կան պաշտոնյաներ, ովքեր չեն նկատում Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները։ Որպեսզի ամեն ինչ պարզ լինի, ես կոնկրետ օրինակներ եմ բերել՝ ես ասել եմ, որ էսօրվա կառավարությունը երկու ամսում, կամ նույնիսկ մի ամսում՝ առանց որևէ հավելյալ լումա ծախսելու, կոռուպցիայի դեմ պայքարում արել է ավելին, քան Եվրամիության և Հայաստանի նախկին կառավարությունների համագործակցության ընթացքում տեղի է ունեցել տասնյակ միլիոնավոր եվրոներ ծախսելով։ Ես ասել եմ, որ այս կառավարությունը Հայաստանում անկախ դատական համակարգ ունենալու համար մի շաբաթում կամ նույնիսկ մի օրում արել է ավելին, քան Եվրամիության և Հայաստանի նախկին կառավարությունների համագործակցության արդյունքում արվել է՝ ծախսելով տասնյակ միլիոնավոր դոլարներ։ Մենք սա արել ենք՝ առանց մի հավելյալ լումա ծախսելու»,-ասաց Փաշինյանը՝ միաժամանակ նշելով, որ Եվրամիության իր գործընկերների մի մասը իր հետ հանդիպումներում ասում են, որ ինչպես նախկինում, այնպես էլ այսօր էլ Հայաստանում ակնկալում են փոփոխություններ։

«Հանուն ֆինանսական աջակցության ոչինչ չենք արել և չենք անելու,-ասաց վարչապետը՝ նշելով,-մենք ինչ որ անում ենք, անում ենք մեր ժողովրդի՝ մեզ տված մանդատն իրացնելու համար։ Ես ուզում եմ, որ սա հստակ լինի, և մենք մեր ուղերձները հստակ հղել ենք մեր գործընկերներին և մենք ասել ենք, որ սա է մեր դիրքորոշումը, և իրենք պետք է դիրքավորվեն մեր այս դիրքորոշման նկատմամբ»։

Նախորդ շաբաթ, հիշեցնենք, բրյուսելյան այցի ընթացքում վարչապետ Փաշինյանը Եվրամիության ներկայացուցիչներից մեկի հետ հանդիպմանը տարակուսանք էր հայտնել, որ հեղափոխությունից հետո Հայաստանի համար նախատեսվող օգնության ծավալը չի փոխվել: Վարչապետն արձանագրել էր, որ Եվրամիության քաղաքականությունում շոշափելի փոփոխություն այդ առումով չկա։

Փաշինյանի այս հայտարարությանն արձագանքեց Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին, հայտարարելով, թե երկկողմ հարաբերություններին նոր որակ հաղորդելու համար անհրաժեշտ է, որպեսզի Հայաստանի նոր կառավարությունը հանդես գա հստակ գաղափարներով ու առաջարկներով:

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть