Երևանից դեպի Մերձավան և Էջմիածին համայնքներ տանող երթուղիներն առաջիկայում նոր տրանսպորտային միջոցներ կսպասարկեն։ Այդ մասին հայտնում են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից՝ նշելով, որ փոխնախարար Արմեն Փամբուխչյանի գլխավորությամբ տեղի է ունեցել տրանսպորտային միջոցների գնահատում։
«Ներկայացված էին 2018թ. արտադրության ամբողջովին նոր «Գազ» մակնիշի 24 տրանսպորտային միջոցներ։
Նախարարի տեղակալը հանձնաժողովի անդամների հետ մանրամասն ուսումնասիրեց ներկայացված տրանսպորտային միջոցների տեխնիկական հնարավորությունները, ուղևորների սպասարկման հարմարավետությունը և այլն։
Ներկայացված տրանսպորտային միջոցներից 14-ն առաջիկայում կհամալրեն Երևան-Մերձավան թիվ 205 երթուղին՝ սպասարկելով Նորակերտ, Բաղրամյան, Այգեկ, Մերձավան և Թաիրով համայնքների բնակիչներին։
Դրանցից 9-ը կսպասարկեն Երևան-Էջմիածին երթուղին։ Իսկ Արագածոտնի մարզի Սասունիկ համայնքը կանոնավոր ավտոբուսային կապ կունենա Երևան քաղաքի հետ»,-նշված է նախարարության տարածած հաղորդագրությունում։
Նշենք, որնախարարությունը բազմաթիվ բողոքներ էր ստացել հատկապես Երևան-Մերձավան թիվ 205 երթուղին սպասարկող տրանսպորտային միջոցների անմխիթար վիճակի և վատ սպասարկման վերաբերյալ։ Փոխնախարար Արմեն Փամբուխչյանը լիահույս է, որ նոր տրանսպորտային միջոցները ուղևորափոխադրումների նոր որակ կապահովեն այն համայնքների բնակիչների համար, որոնց սպասարկումը կիրականացնեն։