Սգո ծառայություններ մատուցող ընկերությունը պետությանը պատճառել է ավելի քան 15 մլն դրամի վնաս - RadioVan.fm

Онлайн

Սգո ծառայություններ մատուցող ընկերությունը պետությանը պատճառել է ավելի քան 15 մլն դրամի վնաս

2018-07-25 18:20 , Право, 2192

Սգո ծառայություններ մատուցող ընկերությունը պետությանը պատճառել է ավելի քան 15 մլն դրամի վնաս

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում չարաշահումներ են բացահայտվել թաղման ծիսակատարությունների և սգո ծառայությունների մատուցման ընթացքում, պարզվել դրանց մեխանիզմը։

«Նախնական քննության տվյալներով՝ թաղման ծիսակատարություններ և սգո ծառայություններ մատուցող «Ռեքվիեմ» ՍՊ ընկերության տնօրինությունը 2014-2016թթ.ընթացքում հարկային տեսչություն ներկայացրած հաշվարկներում շահույթի, շրջանառության, եկամտի վերաբերյալ ներառել է կեղծ տվյալներ՝ առերևույթ խուսափելով հարկային պարտավորությունների լիարժեք կատարումից։ Միևնույն ժամանակ, խախտելով «Աշխատողի աշխատանքի ընդունումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու փաստն արձանագրելու» կարգի պահանջները՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չի ձևակերպել իր ընկերությունում փաստացի աշխատող թվով 8 անձի աշխատանքի ընդունումը, ինչպես նաև՝ եկամտային հարկի հաշվարկներում չի ներկայացրել այդ աշխատակիցների մասով վճարված եկամուտներն ու այդ եկամուտներից պահվող հարկի գումարները»,-տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից՝ նշելով, որ դատահաշվապահական փորձաքննության եզրակացության համաձայն՝ պետությանը պատճառված վնասը գնահատվել է 15.267.217 դրամ՝ ներառյալ տույժերն ու տուգանքները:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ ՍՊ ընկերության հիմնադիր-տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով: Մեղադրյալի կողմից նախաքննության ընթացքում մասնակի՝ 6,7 մլն դրամի չափով, վերականգնվել է պետությանը պատճառված վնասը, իսկ մնացածի վճարումը կիրականացվի հարկային մարմնի հետ կնքվելիք ժամանակացույցին համապատասխան: Քրեական գործով նախաքննությունն ավարտվել է։

Лента

Рекомендуем посмотреть