Քոչարյանը և Խաչատուրովը ներկայացել են հարցաքննության - RadioVan.fm

Онлайн

Քոչարյանը և Խաչատուրովը ներկայացել են հարցաքննության

2018-07-26 18:05 , Право, 2110

Քոչարյանը և Խաչատուրովը ներկայացել են հարցաքննության

«Մարտի 1»-ի գործով որպես վկա այսօր Հատուկ քննչական ծառայություն հարցաքննության են ներկայացել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, ով 2008 թվականի մարտի 1-ին զբաղեցնում էր Երևանի կայազորի պետի պաշտոնը, իսկ մարտի 1-ից հետո՝ 2008թ. ապրիլի 15-ին նշանակվել է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնում։

Հարցաքննությունից մանրամասներ դեռ հայտնի չեն, միայն պարզ է, որ Ռոբերտ Քոչարյանի հարցաքննությունը տեսանկարահանվելու է և կցվելու է գործին։

Հիշեցնենք՝ 2008-ի փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքները, ըստ որոնց 52,83 տոկոս ձայնով իշխանության ղեկը հանձնվեց Սերժ Սարգսյանին, արժանահավատ չհամարելով՝ բնակչության մի ստվար հատված, Հայ Ազգային Կոնգրեսի գլխավորությամբ, դուրս եկավ փողոց: Մարտի 1-ին վաղ առավոտյան ոստիկանները հարձակվեցին Երևանի Ազատության հրապարակում գիշերող ընդդիմադիր ցուցարարների վրա: Հավաքը մեծ թափ ստանալով՝ նույն օրն ավելի ուշ կենտրոնացավ Ալեքսանդր Մյասնիկյանի արձանին հարող հրապարակում: Մարտի 1-ի լույս 2-ի գիշերը հրապարակի մերձակայքում ցուցարարների և ուժայինների միջև սկիզբ առած բախումների հետևանքով զոհվեցին Հայաստանի 10 քաղաքացիներ, 100-ավոր մարդիկ հրազենային և այլ բնույթի վիրավորում ստացան:

2008-ի հետընտրական արյունալի իրադարձություններից 10 տարի է անցել, բայց 10 զոհերի մահվան հանգամանքները մինչ օրս պարզված չեն:

2018-ի ապրիլ-մայիսին հայաստանյան «թավշյա հեղափոխություն»-ից հետո Հատուկ քննչական ծառայության ղեկավարի պաշտոնում նշանակված Սասուն Խաչատրյանը հայտարարեց «Մարտի 1»-ի գործը բացահայտելու քաղաքական կամքի մասին։

Դրան հետևեց ՀՀ Հատուկ քննչական ծառայության՝ «Մարտի 1»-ի գործով հուլիսի 3-ին հրապարակած նոր բացահայտումները, ըստ որի իրազեկվեց, որ ծառայությունը նախաքննությամբ պարզել է, որ ԶՈւ ստորաբաժանումները, որոնք Սահմանադրությամբ պարտավորված են քաղաքական հարցերում չեզոքություն պահպանել, 2008 թվականի մարտի 1-2-ին, ոստիկանության հետ համատեղ, Երևանի կենտրոնական փողոցներում զենքի, պայթուցիկ նյութերի և հատուկ միջոցների գործադրմամբ իրականացրել են հատուկ միջոցառումներ խաղաղ հավաքը ցրելու, անզեն ցուցարարներին փողոցներից հեռացնելու ուղղությամբ: Սահմանադրության պահանջը շրջանցելու, զինված ուժերը քաղաքական հարցերում օգտագործելու մեջ որպես մեղադրյալ ներգրավվել է ՀՀ նախկին ՊՆ գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանը։ Նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել՝ կալանավորելու որոշմամբ։

Հավելենք, որ Հայ Ազգային Կոնգրեսի փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը օրերս գրությամբ դիմել է Հանրային Հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանին՝ հրապարակախոս, ռեժիսոր Տիգրան Պասկևիչյանի մարտի 1-ի իրադարձություններն արտացոլող «Հայաստանի կորսված գարունը» փաստավավերագրական ֆիլմը Հանրայինի եթերով ցուցադրելու առաջարկով:

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть