Հանրապետականը Քոչարյանի կալանավորման հարցի մասին կբարձրաձայնի միջազգային հարթակներում - RadioVan.fm

Онлайн

Հանրապետականը Քոչարյանի կալանավորման հարցի մասին կբարձրաձայնի միջազգային հարթակներում

2018-07-30 12:25 , Политика, 1409

Հանրապետականը Քոչարյանի կալանավորման հարցի մասին կբարձրաձայնի միջազգային հարթակներում

ԱԺ «Հանրապետական» խմբակցությունը հանդես է եկել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման վերաբերյալ հայտարարությամբ, որում ասված է․

«Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի Հայաստանի Հանրապետական Կուսակցության խմբակցությունը, ծանոթանալով Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ, Արցախի Հանրապետության առաջին նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցված քրեական գործի մեղադրանքին և կալանավորման որոշմանը, հայտարարում է.

• Այս գործընթացը որևէ աղերս չունի ժողովրդավարության, իրավունքի գերակայության և դատական իշխանության անկախության հետ։

• Հարուցված գործը խորապես վնասելու է Հայաստանի Հանրապետության ներքաղաքական զարգացումներին։

• Նման անհիմն մեղադրանքով երկրում խրախուսվում են հասարակական պառակտման միտումները, որոնք առավել վտանգավոր են դառնում Հայաստանի և Արցախի շուրջ ձևավորված խիստ մտահոգիչ մարտահրավերների ֆոնին։

• Հարուցված քրեական գործը խնդրահարույց է օրինականության, հատկապես՝ սահմանադրականության տեսանկյունից, ինչը կարող է հանգեցնել ոչ միայն մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների խախտմանը, այլև նվազեցնել Հայաստանի Հանրապետության վարկանիշն ու հեղինակությունը միջազգային, այդ թվում՝ իրավական ատյաններում:

• ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը, ՀՀ դատախազությունը և ՀՀ դատարանները պարտավոր են պատշաճ կերպով երաշխավորել ՀՀ Սահամանդրության դրույթները և առաջնորդվել բացառապես ՀՀ Սահմանադրության, ՀՀ օրենքների և միջազգային պայմանագրերի պահանջներով և կարգավորումներով:

• ՀՀԿ խմբակցությունն այս հարցի և նրա շուրջ զարգացումների մասին բարձրաձայնելու է նաև խորհրդարանական դիվանագիտության խողովակներով՝ միջազգային համապատասխան հարթակներում և ձևաչափերով»։

Հիշեցնենք՝ 2008 թվականի մարտի 1, 2-ին Երևանում տեղի ունեցած իրադարձությունների ընթացքում Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ կալանավորվեց ուրբաթ օրը՝ գիշերն անց։

«Մարտի 1-»-ի գործով որպես մեղադրյալ անցնող ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի նկատմամբ դատարանը որպես խափանման միջոց ընտրել է 5 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակումը։ Խաչատուրովը 2008 թվականի մարտի 1-ին զբաղեցնում էր Երևանի կայազորի պետի պաշտոնը։

Նույն գործով հետախուզվում է պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը։ Որոշում է կայացվել նրան կալանավորելու մասին։

Հիշեցնենք՝ 2008-ի փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքները, ըստ որոնց 52,83 տոկոս ձայնով իշխանության ղեկը հանձնվեց Սերժ Սարգսյանին, արժանահավատ չհամարելով՝ բնակչության մի ստվար հատված, Հայ Ազգային Կոնգրեսի գլխավորությամբ, դուրս եկավ փողոց: Մարտի 1-ին վաղ առավոտյան ոստիկանները հարձակվեցին Երևանի Ազատության հրապարակում գիշերած ընդդիմադիր ցուցարարների վրա: Հավաքը մեծ թափ ստանալով՝ նույն օրն ավելի ուշ կենտրոնացավ Ալեքսանդր Մյասնիկյանի արձանին հարող հրապարակում: Մարտի 1-ի լույս 2-ի գիշերը հրապարակի մերձակայքում ցուցարարների և ուժայինների միջև սկիզբ առած բախումների հետևանքով զոհվեցին Հայաստանի 10 քաղաքացիներ, 100-ավոր մարդիկ հրազենային և այլ բնույթի վիրավորում ստացան:

2008-ի հետընտրական արյունալի իրադարձություններից 10 տարի է անցել, բայց 10 զոհերի մահվան հանգամանքները մինչ օրս պարզված չեն:

2018-ի ապրիլ-մայիսին հայաստանյան «թավշյա հեղափոխություն»-ից հետո Հատուկ քննչական ծառայության ղեկավարի պաշտոնում նշանակված Սասուն Խաչատրյանը հայտարարեց «Մարտի 1»-ի գործը բացահայտելու քաղաքական կամքի մասին։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը


Лента

Рекомендуем посмотреть